Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս ինչ մեսիջ եք հղում աշխարհին. այսօր էլ ադրբեջանական քարոզչամեքենան կօգտագործի ձեր «հիմնավորումները». Հասմիկ Հակոբյանը՝ Տիգրան Աբրահամյանին

Այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ նիստում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, դիմելով պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին, նշեց, որ Տեղ գյուղում բախումների պատճառը բանակցությունների բացակայությունն է՝ ընդգծելով, իհարկե, որ ոչ ոք կասկածի տակ չի դնում ադրբեջանական կողմից սադրանքը:

Ի պատասխան «Պատիվ ունեմ»-ի պատգամավորի ելույթի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հայտարարեց. «Պարոն Աբրահամյան, ասելով, որ կասկածի տակ չեք դնում ադրբեջանական սադրանքը, եկել եք այստեղ ձեր այդ նույն կասկածները հիմնավորում եք: Ասում եք՝ քանի որ տեղում հրամանատարական կազմը նախաձեռնողականությունը վերցրել է իր ձեռքը, լավ չի բանակցել, տապալվել են բանակցությունները, դրա արդյունքում էլ 4 զոհ ունենք: Իրոք մտածում եք, որ այդ բանակցությունների տապալման արդյունքո՞ւմ են այդ զոհերը»:

Պատգամավորը հարց բարձրացրեց՝ այս ինչ մեսիջ եք աշխարհին ուղարկում. «Շնորհավորում եմ ձեզ, այսօր էլ ադրբեջանական քարոզչամեքենան կօգտագործի ձեր «հիմնավորումները»՝ ադրբեջանական ագրեսիայի մեղքը բարդելով Հայաստանի վրա, ինչպես օգտագործեց երեկ ընդդիմության հնչեցրած հիմարությունները»: