Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեկ միջազգային դիտորդը կարող է ավելի ուժեղ լինել, քան ռուսական զորքը, հարցն այն է, թե ինչ քաղաքականություն ենք վարում դրա հետևում. քաղաքագետ

Մեկ միջազգային դիտորդը կարող է ավելի ուժեղ լինել, քան ռուսական զորքը, հարցն այն է, թե ինչ քաղաքականություն ենք վարում դրա հետևում. քաղաքագետ
Քաղաքականություն
18:41, 14 апрель 2023
«Ադրբեջանը խեղդում է Արցախը, որ պարտադրի իր կոչած ռեինտեգրացիան, մյուս կողմից էլ ուրիշ պարտադրանք կա՝ կապված, իրենց ասած, «Զանգեզուրի միջանցքի» հետ, ինչին որ Ադրբեջանը երկար ժամանակ փորձում էր հասնել՝ Հայաստանից համաձայնություն ստանալով»,- Civic.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց քաղաքագետ Մանվել Սարգսյանը՝ խոսելով Հայաստանի կողմից Լաչինի միջանցքի բացման շուրջ բանակցություններին չներգրավվելու դիրքորոշումից։

«Հերիք է Հայաստանը բանակցի Լաչինի միջանցքի հարցով, ու միանգամից իր առաջ կդրվի պահանջ՝ Մեղրիով ճանապարհի տրամադրում դեպի Նախիջևան։ Ադրբեջանը կասի՝ այդ ժամանակ մենք կբացենք Լաչինի միջանցքը։ Հայաստանը ճիշտ է անում, որ չի խառնվում։ Կա Հաագայի դատարանի որոշում՝ Լաչինի միջանցքը բացելու համար, և սա բանակցելու խնդիր չէ, սա 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության պարտավորությունների կատարման խնդիր է»,- հավելեց Մանվել Սարգսյանը։

Հարցին՝ ինչպես տեսնում ենք, Ադրբեջանը չի կատարում Հաագայի դատարանի որոշումը, ռուս խաղաղապահներն էլ անկարող են ուժով բացել Լաչինի միջանցքը, բացի Ադրբեջանից՝ էլ ո՞ւմ օգտին է այս իրավիճակը, արդյոք Ռուսաստանը և՞ս շահեր ունի, քաղաքագետն արձագանքեց. «Առանց Ռուսաստանի Ադրբեջանը ոչ մի բան չի կարող անել, եթե Ռուսաստանը ցանկություն ունենար, մեկ օրում կբացվեր Լաչինի միջանցքը։ Սա միասնական գործունեություն է՝ միասնական շահերի հիման վրա»։

Թե ինչ շահերի մասին է խոսքը, Մանվել Սարգսյանը մեկնաբանեց. «Պարտադրել Հայաստանին ինչ-ինչ հարցերում գնալ զիջումների։ Ռուսաստանի կողմից բազմիցս խոսվել է, որ ցանկություն ունեն ՀԱՊԿ-ով կանգնելու Հայաստանի սահմանին, որ եվրոպական դիտորդներն անընդունելի են իրենց համար։ Այսինքն՝ և Ռուսաստանը, և Ադրբեջանն իրենց պարտադրանքը դնում են և չեն թաքցնում։ Եթե չլիներ Ռուսաստանի համաձայնությունը, ոչ մի պատերազմ էլ չէր լինի՝ անհնար էր Ադրբեջանը նման քայլի գնար»։
Հարցին՝ Ռուսաստանն ուզում է Հայաստանից զիջումնե՞ր կորզել, թե՞ Ադրբեջանի հետ տնտեսական մեծ առևտրի մեջ է՝ այդ թվում Եվրոպայում, և դա է պատճառը, որ զիջումների է գնում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ռուսաստանի համար Հայաստանը երբեք չի եղել նպատակ, եղել է միջոց, որի միջոցով թուրքերի հետ՝ թե Ադրբեջանի, թե Թուրքիայի, անընդհատ՝ տարիներ շարունակ, հարաբերությունները գժտեցրել են։ Մենք դա տեսել ենք 1990-91թթ., երբ ռուսական զորքերը Արցախում էին՝ հայերի հաշվին զիջումներ էին տրամադրվում Ադրբեջանին»։

Մեր դիտարկմանը՝ արցախյան առաջին պատերազմից հետո տասնամյակներ տարածքային նկատելի կորուստներ չենք ունեցել, Մանվել Սարգսյանն արձագանքեց. «Ռուսաստանը 26 տարի տարածքում չէր՝ ուժերի բալանսը պահվում էր։ Երբ Ադրբեջանը 2020թ. հարձակվեց ու տարածք ստացավ Արցախից՝ Ռուսաստանը եկավ տարածք ու զիջումներ է անում։»։

Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Civilnet-ի հետ հարցազրույցում խոսել է Արցախում միջազգային ներկայության կարևորությունից ու նշել, որ միջազգային ներկայության տարբեր ձևեր կան, օրինակ՝ քաղաքացիական կարող է լինել։

Քաղաքագետից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է հնարավոր միջազգային քաղաքացիական ներկայությամբ ապահովել արցախցիների անվտանգությունն այն պարագայում, երբ Հայաստանում թեպետ տեղակայված են ԵՄ դիտորդները, բայց Ադրբեջանը չի դադարեցնում իր սադրանքները։

«Դա դիրքորոշում է, դա պետք է դարձնել կոնկրետ քաղաքական գիծ։ Հարցը միայն դա չէ, որ դիտորդը կարող է ազդեցություն ունենալ, հարցն այն է, թե ինչ քաղաքականություն ենք վարում դրա հետևում։ Կարող է մի դիտորդն ավելի ուժեղ լինել, քան ռուսական զորքը։ Սա նոր քաղաքականություն է Հայաստանի կողմից, որը Ռուսաստանը փորձում է տապալել»,- մեկնաբանեց Մանվել Սարգսյանը։

Խոսելով Հայաստանի հետ քննարկվող խաղաղության պայմանագրից՝ քաղաքագետը նշեց, որ Ադրբեջանն ապացուցել է, որ իր համար գոյություն չունի որևէ պայմանագիր. «Ադրբեջանը կարող է 100 հատ պայմանագիր ստորագրել ու խախտել։
Պայմանագրերն Ադրբեջանի համար միջոցներ են՝ պարտադրելու Հայաստանին նորանոր զիջումներ։ Հիմա Հայաստանում դա հասկացել են, և փորձ է արվում քաղաքականության մեջ էլեմենտներ մտցնել, բայց դեռ արդյունքը չենք տեսնում»։  
 
Նարա Մարտիրոսյան