Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարող եմ հավատացնել, որ հայ-ուկրաինական հարաբերությունների մակարդակը բարձրացնելու ուղղությամբ բոլոր հնարավորությունները ներդրվելու են․ Վլադիմիր Կարապետյան․ Տեսանյութ

Այսօր Երևանում անցկացվեց հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, որից հետո ստորագրվեցին համագործակցության հուշագրեր։ Նիստին ներկա էր նաև Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը, որը երեք ամիս առաջ է նշանակվել դեսպան։

Civic.am
-ի հետ զրույցում Վլադիմիր Կարապետյանն ասաց, որ բոլոր այն գործընթացները, բոլոր աշխատանքները, որոնք արվել էին մինչև իր ժամանելը և ավարտին չէին հասցվել, դրանք է ավարտին հասցնում, բայց կան նաև նոր բազմաթիվ նախաձեռնություններ։

«Մեծ շեշտադրում է արվում առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացմանը։ Այսինքն՝ մեծ պոտենցիալ եմ տեսնում և այս հանդիպումը դրա վկայությունն է, նաև վկայությունը որ կա ամենաբարձր մակարդակում երկու երկրների ցանկություն, քաղաքական կամք՝ առևտրատնտեսական, տնտեսական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ։ Շատ ակտիվ աշխատում ենք նաև տարածաշրջանների միջև կապը հատատելու, նոր կապեր, նոր հարաբերություններ հաստատելու ուղղությամբ։ Արդեն կա առաջընթաց այդ ուղղությամբ»,-ասաց Վլադիմիր Կարապետյանը։

Նա նշեց, որ արդեն աշխատում է Ուկրաինայի հայ համայնքի հետ, և դա էլ մի մեծ շերտ է։

Ի հավելումն Վլադիմիր Կարապետյանն ասաց, որ  կարող է հավատացնել, որ հայ-ուկրաինական հարաբերությունների բարելավման և մակարդակը բարձրացնելու ուղղությամբ բոլոր հնարավորություններն ու ներուժը ներդրվելու է։

Լիլիթ Թադևոսյան

Մանրամասները՝ տեսանյութում