Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Չնայած խոստումներին՝ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման համաձայնագիրը ոչ միայն չի կնքվել, այլև դրա շուրջ բանակցությունները չեն սկսվել»․ Գարեգին Մելքոնյան

«Չնայած խոստումներին՝ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման համաձայնագիրը ոչ միայն չի կնքվել, այլև դրա շուրջ բանակցությունները չեն սկսվել»․ Գարեգին Մելքոնյան
Հայաստան
12:41, 01 ноябрь 2021
«ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման համաձայնագիրը ոչ միայն չի կնքվել ու չի կիրառվում, այլև դրա շուրջ բանակցությունները նույնիսկ չեն սկսվել և չկա էլ հրապարակում, թե դրա բանակցությունները երբ կարող են սկսվել»,-այդ մասին Երևանի մամուլի ակումբի կազմակերպած «Հայաստանի ներքին և արտաքին խնդիրների լուսաբանումը հետպատերազմյան ժամանակաշրջանում» թեմայով սեմինարի ժամանակ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարարի առաջին տեղակալ, Նիդեռլանդներում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Գարեգին Մելքոնյանը։

Նրա խոսքով՝ վիզաների ազատականցման պրոցեսը սկսելու համար  կան որոշակի ֆորմալ և չերևացող նյուանսներ։ «Ֆորմալը դա «Ռեադմիսայի» համաձայնագրերի նորմալ փաթեթ ունենալն է, որովհետև վիզաների ազատականացումն ասում է՝ առանց վիզա կարող ես գալ, բայց որպեսզի Եվրոպան քեզ ընդունի, ուզում է հանգիստ լինել, որ եթե որևէ մեկը դա չարաշահելու է, վերածելու է անօրինական միգրացիայի, ինքը գործիք ունենալու է, որ այդ մարդկաց հետ ուղարկի»,-նշեց նախկին փոխնախարարը։ 

Նրա խոսքով՝ եթե «Ռեադմիսիայի» համաձայնագիրը դոփում է տեղում, վիզաների ազատականացման մասով ունենում ենք խոչընդոտ, խրթին ճանապարհ՝ առաջ գնալու։ «Չեմ կարծում՝ Վրաստանը կամ Ուկրաինան կամ Մոլդովան այդ տեսանկյունից էապես ավելի բարվոք դիրքերում էին։ Ժամանակին ասում էին՝ մենք մի տարվա ընթացքում դա հաստատ անելու ենք, կիրառելու ենք։ Հիմա նույնիսկ հրապարակված չէ, թե որ ժամկետում է հնարավոր սկսել բանակցությունները։ Այսինքն՝ այս տեմպերով երկու-երեք տարի չի լինելու էդպիսի բան։ Ես ընդամենը արձանագրում եմ, որ տեսանելի նման պրոցես չկա»,-եզրափակեց Գարեգին Մելքոնյանը։