Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փոքր ՀԷԿ-երի արտադրության լիցենզավորումը շարունակվելո՞ւ է, թե դադարեցվելո՞ւ է. Պարզաբանում է Գարեգին Բաղրամյանը

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: Այժմ քննարկվում է Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը նշեց, որ օրենքի նախագծով հստակեցվել են որոշումների ընդունմանը վերաբերող կարգավորումները, ամրագրվել են հանձնաժողովի իրավական ակտերի բողոքարկման կարգավորումները, ամրագրվել են հանձնաժողովի գործունեության անկախության երաշխիքները:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նկատեց, որ փոքր հիդրոէլեկտարակայաններից մի մասի արտադրության լիցենզավորման ժամկետներն լրանում են. «Լիցենզավորումը շարունակվելո՞ւ է, թե դադարեցվելո՞ւ է»:

Ի պատասխան՝ Գարեգին Բաղրամյանը նշեց, որ լիցենզավորման դադարեցումը տնտեսապես էլ նպատակահարմար չէ չշարունակելը. «2022թ. փետրվարի 1-ից անցնում ենք էներգետիկ նոր մոդելի, և շուկայի որոշ հատված ազատականացվելու է: Այն փոքր ՀԷԿ-երը, որոնց պետության կողմից տրվող երաշխիքը, այսինքն՝ 15 տարին լրանում է, ազատ են միանալու շուկայի էլեկտրոնային հարթակին»: