Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ-Հայաստան համաձայնագիրը ենթադրում է, որ ՏԻՄ-երը պետք է կարողանան ինքնուրույն իրականացնել իրենց ֆինանսների, գույքի կառավարումը

ԵՄ-Հայաստան համաձայնագիրը ենթադրում է, որ ՏԻՄ-երը պետք է կարողանան ինքնուրույն իրականացնել իրենց ֆինանսների, գույքի կառավարումը
Հայաստան
14:53, 23 ноябрь 2021
Տարածքային կառավարման նախարարությանը օրենսդրությամբ վերապահված են մի շարք ոլորտներ, և բնականաբար ԵՄ-Հայաստան համաձայնագրում կան բազմաթիվ կետեր որոնք առնչվում են ՏԿԵՆ-ին։ Տարբեր ոլորտների ծրագրերը, որոնք իրականացվում են համաձայնագրի շրջանակներում, այս կամ այն կերպ առնչվում են համայնքներին։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած  «ԵՄ-Հայաստան համաձայնագրի կատարման ընթացքի գնահատում և վերլուծում» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՏԿԵՆ համայնքային տեղեկատվական հոսքերի կառավարման բաժնի պետ Գարեգին Մանուկյանը։ 

Նրա խոսքով՝ համաձայնագրի հոդված 71-ը, որը վերաբերում է կենտրոնական և տեղական մակարդակում վարչական կարողությունների ընդլայնմանը, պետք է ծառայի քաղաքականությունների մշակման գնահատման և բուն իրականացման փուլերում այդ գործընթացներին։

 «Սա ենթադրում է, որ պետք է ձեռնարկվեն քայլեր, որոնց շնորհիվ կընդլայնվեն ՏԻՄ-երի վարչական կարողությունները, և դրանք կծառայեցվեն հետագայում նրանց գործառույթները ավելի ռացիոնալ իրականացնելու համար։ Վարչական կարողություններ ասելով նկատի ունենք, որ ՏԻՄ-երը պետք է կարողանան ինքնուրույն իրականացնել իրենց ֆինանսների, գույքի կառավարումը, այն, ինչ կապված է վարչարարության հետ»,- նշեց  պարոն Մանուկյանը։

Նրա խոսքով՝ այս հոդվածից ածանցվել է 2020-2021 թվականների համաձայնագրից բխող ճանապարհային քարտեզում մի կետ, որը անմիջականորեն վերաբերում է տեղական ինքնակառավարման ոլորտին, և որի իրականացման համար մենք աշխատում ենք։ Այդ կետը հետևյալ վերնագիրն ունի.  «Վարչատարածքային բարեփոխումների շարունակություն, գյուղական համայնքներում ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ ներդրումների իրականացում և կառավարման էլեկտրոնային համակարգերի ներդրում»։

Հարցին, թե այս կետից բխող որևէ օրենսդրական նախաձեռնություն մինչ օրս արվե՞լ է, պարոն Մանուկյանը պատասխանեց.  «Առանցքայինը վարչատարածքային բարեփոխումներն էին, այսինքն՝ Վարչատարածքային բաժանման մասին և Տարածքային ինքնակառավարման մասին օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու այդ օրենսդրական փաթեթը, որն ընդունվեց այս տարվա սեպտեմբերի 25-ին. համայնքների խոշորացման գործընթացը իրավական օրենսդրության առումով իր կարևոր հանգրվաններից մեկին հասավ»։  

Նրա խոսքով՝ այս ծրագրերի արդյունքում նախկին 502 համայնքների փոխարեն ներկայումս կա 79 համայնք՝ ներառյալ Երևանը։