Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2021թ. ԱԺ արտահերթ ընտրություններով ՀՀ-ն մուտք է գործել ժողովրդավարական երկրների բարձրագույն լիգա. Վարչապետը՝ V-Dem ինստիտուտի զեկույցի մասին

Այսօր՝ մարտի 10-ին, Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Varieties of Democracy» ինստիտուտի հրապարակած 2022թ.-ի ժողովրդավարության զեկույցին: «Շատ կարևոր արձանագրում է տեղի ունեցել ՀՀ-ի համար. մեր երկրի պատմության մեջ առաջին անգամ ՀՀ-ն բնորոշվում է ոչ թե ընտրական ավտորիտարիզմ, այլ ընտրական ժողովրդավարություն տերմինով, ինչը նշանակում է, որ ժողովրդավարության առումով ՀՀ դասակարգման փոփոխություն է տեղի ունեցել»:

Նրա խոսքով՝ նույնիսկ 2018-ի հեղափոխությունից հետո այս կազմակերպությունը շարունակում էր Հայաստանը դիտարկել որպես ընտրական ավտորիտար համակարգ ունեցող երկիր:

«Այս նոր բնորոշման էությունն այն է, որ իշխանությունները ձևավորվում են ընտրություններով, այսինքն՝ ընտրությունը ոչ թե իշխանության վերարտադրության գործիք է, այլ իշխանության ձևավորման գործիք»,- նկատեց վարչապետը և հավելեց, որ ամենաթարմ օրինակը 2021թ. Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, որով Հայաստանը մուտք է գործել ժողովրդավարական երկրների, պայմանական ասած, բարձրագույն լիգա. «Իհարկե, սա չի նշանակում, որ մեր երկրում ժողովրդավարությունը կատարյալ է»:

Մանրամասն՝ տեսանյութում: