Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տնտեսագիտական ոչ մի չափանիշի մեջ չի մտնում այսօրվա ստեղծված իրավիճակը. Վահագն Խաչատուրյանը՝ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակի մասին․ տեսանյութ

«Քանի որ այնպես է ստացվել, որ այսօր Կառավարության վերջին նիստին էի մասնակցում, ես որոշեցի առիթն օգտագործել, շնորհակալություն հայտնել ձեզ բոլորիդ այս յոթ ամսվա համատեղ աշխատանքի համար։ Չգիտեմ՝ ինչքանով եմ կարողացել ձեր բոլոր հարցադրումներին պատասխանել, ինչքանով եմ կարողացել ձեզ համար հասանելի լինել, համենայնդպես, ես իմ աշխատանքում փորձել եմ միշտ  լրատվամիջոցների հետ շփումներս պահել, որովհետև դուք իշխանության մի օղակ եք, որի միջոցով մենք կարողանում ենք հարաբերվել հասարակության հետ»,- այս մասին այսօր Կառավարության նիստից հետո ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՏԱ նախարար, ՀՀ նախագահի ընտրված թեկնածու Վահագն Խաչատուրյանը։ 

 Նա հույս հայտնեց, որ համագործակցությունը կշարունակվի, և համոզված է, որ հետագայում էլ լրատվամիջոցների կողմից նախագահական ինստիտուտի հետ կապված մեկնաբանությունները մեկ նպատակ կունենան և կօգնեն, որպեսզի հասարակությունն իսկապես ստանա հավաստի տեղեկություններ այն ամեն ինչի մասին, ինչ տեղի է  ունենում ՀՀ-ում, հատկապես պետական կառավարման համակարգում։

Պատասխանելով նաև ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ լրագրողներին հուզող հարցերին՝ Վահագն Խաչատուրյանն ասաց.  «Ինչ վերաբերում է քաղաքական մասին, ես գտնում եմ, որ այն կեցվածքը, պահվածքը, այն հայտարարությունները, որ արվում են Հայաստանի իշխանությունների կողմից, դա ամենաճիշտն է, ուղղակի մենք բոլորս պետք է հուսանք և հնարավորինս ամեն ինչ անենք, որ իսկապես մեկ օր առաջ պատերազմն ավարտվի։ Մենք շատ լավ գիտենք՝ դա ինչ է  նշանակում, ինքներս գոնե մեր մաշկի վրա դա զգացել ենք։  Տնտեսական առումով իրականում լրջագույն մարտահրավերներ են, լրջագույն խնդիրներ են, անկանխատեսելի երևույթներ կարող են տեղի ունենալ, որովհետև ոչ մի լավագույն տնտեսական վերլուծություն կամ վերլուծաբան չէր կարող պատկերացնել, որ շատ կարճ ժամանակում մեր ամենամեծ տնտեսական գործընկերը՝ Ռուսաստանը, կարող է հայտնվել այսպիսի լուրջ սահմանափակումների մեջ, և դրանից բխող հետևանքները մենք իհարկե կանխատեսել մասամբ կարող ենք, բայց հավատացնում եմ ձեզ՝ ոչ ամբողջապես։ Ուղղակի մեր համակարգը պետք է կարողանանք պատրաստել, հատկապես ֆինանսական համակարգը, որպեսզի կարողանա և՛ մեզ՝ քաղաքացիներիս, սպասարկել, և՛ այն մարդկանց, որոնք Հայաստան են ժամանել և այստեղ ցանկանում են տնտեսական գործունեություն ծավալել, իրենց պահանջները բավարարել»,- ասաց Վահագն Խաչատուրյանը։  

Նա նշեց, որ տնտեսագիտական ոչ մի չափանիշի մեջ չի մտնում այսօրվա ստեղծված իրավիճակը, և եթե իրենք այդ տրամաբանության մեջ վերլուծական գնահատականներ տան, ապա այսօրվա տված գնահատականը վաղը կարող է փոխվել։ 

Մանրամասները՝ տեսանյութում