Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պարոն Խաչատուրյան, ստիպված ենք լինելու այսօր կամ ամենաուշը վաղը ձեզ ազատել նախարարի պաշտոնից. Վարչապետը իր գնահատանքի խոսքն ուղղեց նրան

Այսօր՝ մարտի 10-ին, Կառավարության հերթական նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ այսօր ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ Կառավարության վերջին նիստն է: 

«Ես ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել նախարարի կարգավիճակով համատեղ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել:

Առաջիկա կիրակի օրը տեղի է ունենալու նորընտիր նախագահի պաշտոնամուտի արարողությունը, և իհարկե, մենք բոլորս կմասնակցենք»,- հավելեց վարչապետը և ընդգծեց իր գնահատանքը այս ընթացքում Վահագն Խաչատուրյանի կատարած աշխատանքին:

Վահագն Խաչատուրյանը իր հերթին շնորհակալությունը հայտնեց և ասաց. «Ես զգացված եմ այն մթնոլորտի համար, որ ստեղծվել էր Կառավարությունում, և ինձ հնարավորություն էր տրվել իմ գիտելիքներն ու փորձը օգտագործել նախարարության ղեկավարման աշխատանքում: Եվ թող ժողովուրդը վստահ լինի, որ այն ծրագրերը, որոնք նախատեսել է Կառավարությունը առաջիկա հինգ տարիների ընթացքում, մեր համատեղ աշխատանքի ընթացքում իրականացվելու են»:

Նիկոլ Փաշինյանն էլ կատակեց. «Պարոն Խաչատուրյան, ստիպված ենք լինելու այսօր կամ ամենաուշը վաղը ձեզ ազատել նախարարի պաշտոնից»: «Մի օր գալիս է դա»,- արձագանքեց Վահագն Խաչատուրյանը:

Մանրամասն՝ տեսանյութում: