Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պաշտոնաթող վարչապետներին ՀՀ տարածքում կտրամադրվի անձնական պետական պահպանություն՝ 10 տարի, պաշտոնաթող նախագահներին՝ 7 տարի ժամկետով․ նախագիծ

Պաշտոնաթող վարչապետներին ՀՀ տարածքում կտրամադրվի անձնական պետական պահպանություն՝ 10 տարի, պաշտոնաթող նախագահներին՝ 7 տարի ժամկետով․ նախագիծ
Հայաստան
00:27, 19 апрель 2022
Ազգային անվտանգության ծառայությունը օրենքի նախագիծ է հրապարակել, որով առաջարկվում է պետական պահպանության ծառայությունն առանձնացնել ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից և դրա հետագա գործունեությունը շարունակել որպես պետական կառավարման համակարգի մարմին: Նախագծերի ընդունման դեպքում ակնկալվում է պետական պահպանության ծառայությանը տրամադրել վարչապետին ենթակա մարմնի կարգավիճակ՝ այսպիսով այն դուրս բերելով ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից: 

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ» նախագծին կից հիմնավորման մեջ մասնավորապես նշվում է, որ պետական պահպանության ծառայության պարագայում ծառայությունը պայմանավորված է ամենօրյա ռեժիմով իրավիճակին արագ արձագանքելու և համարժեք գործողություններ իրականացնելու հրամայականով եւ այն նախատեսվում է  ներառել վարչապետին ենթակա մարմինների շարքում:

Հիմնավորումից տեղեկանում ենք նաեւ, որ  ներկայիս օրենսդրական կարգավորումների համաձայն՝ պետական պահպանության ծառայությունն ունի Ազգային անվտանգության ծառայության գրասենյակի կարգավիճակ։  Այսուհանդերձ, պետական պահպանության ծառայությունը հանդես է գալիս որպես որոշակիորեն ինքնուրույնությամբ օժտված միավոր, ինչը դրսևորվում է վերջինիս գործառույթների առանձնահատկությամբ և յուրահատկությամբ, որոնց իրացման գործընթացում թեև ԱԱԾ աջակցության կարիքն առանձին դեպքերում առկա է, սակայն դրանց կենսագործումն անմիջականորեն «պայմանավորված» չէ ԱԱԾ մասնակցությամբ և հարկ եղած դեպքում համապատասխան աջակցությունը լիարժեք կերպով կարող է տրամադրվել նաև պետական մարմինների միջև փոխգործակցության շրջանակներում: Ավելին, պետական պահպանության ծառայության որոշակի ինքնուրույնության արտացոլումն է նաև վարչապետի անմիջական մասնակցությունը նրա ղեկավար կազմի ձևավորման հարցում (ծառայության ղեկավարը նշանակվում և ազատվում է Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ, իսկ առաջին տեղակալը՝ վարչապետի կողմից՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ներկայացմամբ): 

Նահագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է  օրենքի 6.1-ին հոդվածի 4-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Պաշտոնաթող վարչապետներին Հայաստանի Հանրապետության տարածքում տրամադրվում է անձնական պետական պահպանություն՝ 10 տարի ժամկետով, որն անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել Կառավարության սահմանած կարգով»:

Մեկ այլ հոդվածով էլ  առաջարկվում է, որ «Հանրապետության պաշտոնաթող նախագահներին Հայաստանի Հանրապետության տարածքում տրամադրվում է անձնական պետական պահպանություն՝ 7 տարի ժամկետով, որն անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել Կառավարության սահմանած կարգով»: Նախագծով առաջարկվող լրացումներից մեկն էլ վերաբերում է ԱԺ նախագահին։ 

Ըստ այդմ․ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին»։

Նախագծով սահմանվում է նաեւ, որ Ծառայության պետին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը,  ծառայության պետի տեղակալներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ ծառայության պետի ներկայացմամբ: Նախագծի մասին առավել մանրամասն՝ այս հղումով e-draft.am։