Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հարյուր միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց ՀՀ-ի նկատմամբ զենքի մատակարարման պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով երեկ ՀՀ հարավարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժի կողմից իրականացված հերթական սադրանքին՝ հայտարարեց.
«Ցավոք նրանք որոշակի հաջողություններ ունեն նաև մեր դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով և փորձում են այնպես անել, որ ՀՀ-ին զենք չմատակարարվի: Մենք դեպքեր ունենք, երբ հարյուր միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից»:
Վարչապետի խոսքով՝ սա ցավալի իրողություն է, ինչը պետք է խորապես վերլուծվի:

«Մենք պիտի խորապես արձանագրենք և հասկանանք ևս մեկ բան. այս ամենը տեղի է ունենում մի հեռահար և գուցե ոչ հեռահար նպատակով, որ մենք հրաժարվենք մեր պետականությունից, մեր ինքնիշխանությունից, զիջումներ անենք մեր տարածքային ամբողջականությունից: Բայց ի հեճուկս բոլոր գործոնների՝ մենք վճռական ենք մեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործում: Եվ փառք բոլոր այն հերոսներին, ովքեր կանգնած են ՀՀ անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության դիրքերում»: