Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պատերազմի արդյունքների, հետևանքների և դրա պատճառների հանդեպ մեր գնահատականներում անողոք ենք լինելու» Աննա Կոստանյան

ԱԺ ելույթների ընթացքում «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Աննա Կոստանյանը, անդրադառնալով Կառավարության ծրագրի կատարմանը, նշեց, որ Կառավարությունը գերակա էր համարել կրթության ոլորտի զարգացումը, սակայն այն բոլոր բարեփոխումները, որ խոստացվել էր իրականացնել 2020 թվականի ընթացքում, չի իրականացվել։ «Հաշվի առնելով երկրում 2020 թվականին գերակշիռ ժամանակահատվածում ստեղծված աննախադեպ ճգնաժամային իրավիճակը՝ պայմանավորված կոռոնավիրուսով և հատկապես պատերազմով առանձին ոլորտներում ծրագրի կատարման արդյունքներին կարելի է մի փոքր հանդուրժողական գնահատական տալ, սակայն պատերազմի արդյունքների, հետևանքների և դրա պատճառների հանդեպ անողոք ենք լինելու», - ասաց Կոստանյանը։

Կոստանյանը նշեց, որ իշխանությունը իրավունք չունի ժողովրդից որևէ բան թաքցնել, հետևաբար պարտավոր է բացեիբաց հայտարարել ամեն բան։ Մանիպուլյացիաներով և ժողովրդահաճո խոսքերով այլևս հնարավոր չէ կուրացած և թմրեցված պահել ժողովրդին։ «Պարտավոր եք արտահերթ ընտրությունների շեմին պատասխանել մի շարք հարցերի, որոնք հարցական նշանով պտտվում են մեր քաղաքացիների գլխում», - ասաց պատգամավորը։

Աննա Կոստանյանը նշեց, որ պատերազմի պատասխանատուն գործող իշխանությունն է, քանի որ հնարավոր էր այն կանխատեսել, կանխել, ինչը չի արվել։ «Վարչապետի իրարամերժ հայտարարություններին քաղաքական գնահատական պարտավոր է տալ խորհրդարանի իշխող մեծամասնությունը և մինչև ընտրությունները», - ասաց Կոստանյանը և նշեց, որ պատերազմի ընթացքում  մենք ունեցել ենք երկու բեկումնային պահ՝ Լելե Թեփեի օպերացիան և Շուշիի հանձնումը։ «Մինչ այ-մ ոչ առաջինի և ոչ էլ երկրորդի մանրամասներն ու պատճառները հայտնի չեն, ոչ էլ խելամիտ պատասխան եղավ, թե այդ ինչպե՞ս եղավ և ովքե՞ր էին մեղավորները», - ասաց Կոստանյանը