Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Համաձայնագրի վավերացման արդյունքում Չինաստանը ՀՀ-ին 100 մլն չինական յուանի չափով անհատույց օգնություն կտրամադրի

Համաձայնագրի վավերացման արդյունքում Չինաստանը ՀՀ-ին 100 մլն չինական յուանի չափով անհատույց օգնություն կտրամադրի
Հայաստան
17:34, 21 февраль 2023
Չինաստանի հետ համագործակցության զարգացումը ՀՀ կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում է: Հայաստանի և Չինաստանի միջև ձևավորվել է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, կնքվել են 5 տասնյակից ավելի համաձայնագրեր և հուշագրեր, անցկացվում են քաղաքական խորհրդակցություններ: Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը ««Հայաստանի Հանրապետության Կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կառավարության միջև` տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում: Այս մասին հայտնում են ԱԺ կայքից:

Համաձայնագիրը ստորագրվել է 2021 թվականի նոյեմբերի 15-ին:

Փոխնախարարի տեղեկացմամբ՝ անցած ավելի քան 3 տասնամյակի ընթացքում երկու երկրների միջև տեխնիկատնտեսական համագործակցությանը վերաբերող մի շարք համաձայնագրեր են կնքվել, որոնք էապես նպաստել են մի շարք բնագավառներում առկա փոխգործակցության խորացմանը:

Քննարկվող համաձայնագրի վավերացման արդյունքում Չինաստանը Հայաստանին 100 մլն չինական յուանի չափով անհատույց օգնություն կտրամադրի, որը կօգտագործվի Հանրային հեռուստաընկերության հեռարձակման դահլիճի նախագծման, շինարարության և այլ՝ փոխհամաձայնեցված նախագծերի իրականացման համար:

Հանձնաժողովն օրենքի նախագծին դրական եզրակացություն է տվել: