Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ՊՆ ՀՀԿ-ական նախկին փոխնախարարին հանգիստ չի տալիս փաստը, որ սիսիանցին ու Տեղ գյուղի բնակիչն այսօր ազատ ընտրության հնարավորություն ունեն և երիցս մերժում են իրենց

ՀՀ ՊՆ ՀՀԿ-ական նախկին փոխնախարարին հանգիստ չի տալիս փաստը, որ սիսիանցին ու Տեղ գյուղի բնակիչն այսօր ազատ ընտրության հնարավորություն ունեն և երիցս մերժում են իրենց
Հայաստան
19:54, 11 апрель 2023
Սերժ Սարգսյանի օրոք ՀՀ պաշտպանության փոխնախարար աշխատած Արտակ Զաքարյանին հետաքրքրում են ոչ թե հակառակորդի կրակոցները, հարձակումները կամ ոտնձգությունները, այլ հանգիստ չի տալիս փաստը, որ Սիսիանի ու Տեղի բնակչությունը վերջին ՏԻՄ ընտրություններում ազատ կամարտահայտությամբ ձայների մեծ մասը տվել է գործող իշխանությանը։  Ավելի կոնկրետ՝ որ չնայած թշնամու ոտնձգություններին, Սիսիանում ու Տեղ գյուղում չեն ընտրել ՀՀԿ-ին կամ կուսակցական նոր անուններով ներկայացող նախկին իշխանության ներկայացուցիչներին։

Սա, ի դեպ, ցուցիչ է, թե մասնավորապես Սյունիքում որքան կեղեքված ու զզված են եղել Արտակ Զաքարյանի ղեկավար Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարումից, որ անգամ հակառակորդի նման ոտնձգությունների պայմաններում չեն ուզում հույս կապել նրանց հետ։

ՀՀ ՊՆ երբեմնի փոխնախարարը օրումեջ գրառում է անում կամ հարցազրույց տալիս, թե ՔՊ-ին ընտրած սիսիանցին ու Տեղ գյուղի բնակիչներն են մեղավոր, որ թշմամին մտել է իրենց տարածք, այսօր էլ՝ «ՔՊ-ն Սիսիանում հաղթեց, իսկ էսօր ադրբեջանցին սուլելով մտել է սիսիանցու տուն» վերնագրով հարցազրույց է տվել՝ անդրադառնալով երեկ Սիսիանի գյուղերից մեկում ձերբակալված ադրբեջանցու դեպքին։ Ավելի վաղ էլ գրել էր, թե «2021թ-ին ՔՊ-ն Սյունիքի մարզի Տեղ գյուղում 952 ընտրողներից «ստացել է» 591 ձայն (62%): Նիկոլն իր նախընտրական «խոստման» համաձայն, Տեղ գյուղի տարածքների որոշ մասը ևս պատրաստվում է թողնել ցեղասպանություն պատրաստող երկրին»։
 
Իսկ ո՞վ է Արտակ Զաքարյանը, որ ոչ միայն սուտ տեղեկություններ է տարածում, այլև իրեն իրավունք է վերապահում մեղադրել ՀՀ քաղաքացիներին ազատ ընտրություն կատարելու համար։ Մի բան, որից զրկված են եղել նույն սյունեցիները իրենց իշխանության ժամանակ։ Քաղաքացիներին մեղադրող Զաքարյանին արժե հիշեցնել, որ իր ղեկավար Սերժ Սարգսյանի ժամանակ սահմանին ունեցել ենք բազմաթիվ զոհեր, իսկ ապրիլյան պատերազմի ժամանակ կորցրել ենք 800 հեկտար տարածք, սակայն այդ ժամանակ Արտակ Զաքարյանը չէր մեղադրում քաղաքացիներին՝ թերևս համոզված լինելով, որ քաղաքացիները իրենց չեն ընտրել և կեղծված ընտրությունների արդյունքում է Սարգսյանը ղեկավար դարձել։    
 
«Ժողովուրդը էդ ումից ա՞ ուզում վրեժխնդիր լինի, օրինակ, ինձ ինչի՞պիտի ուզի վրեժխնդիր լինել։ ․․․ Այո, ժողովրդի մի մասը, որն անգրագետ ա կամ էլ կիսագրագետ ա, չի էլ հասկանում, թե նախկինն ինչ ա։ Ինչ տեսնում ա, ասում ա՝ էս ա նախկինը։ Ես նախկին չեմ, ես ներկա եմ»,- իրենց չընտրելու համար կրկին ժողովրդին է մեղադրել  ԱԺ նախկին պատգամավոր,  պաշտպանության նախկին փոխնախարար, կարկառուն ՀՀԿ-ական  Արտակ Զաքարյանը։ 
 
2018-ի հեղափոխությունից հետո՝ մայիսի 8-ին, սեփական դիմումի համաձայն ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից ազատված Արտակ Զաքարյանը, փաստորեն, որոշել է ուրանալ իր իշխանական անցյալը, իր զբաղեցրած բազում պաշտոններն ու դրանց պարգևած բարիքները, և այն ամենը, ինչ տեղի  է ունեցել Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում՝ կեղծված համապետական և ՏԻՄ ընտրություններ, ԼՂ չլուծված ու հաջորդ իշխանությանը թողնված խնդիր, տնտեսական մենաշնորհներ, կոռուպցիա և ամենաթողություն․․․․Իսկ բոլոր նրանք, ովքեր իրեն նախկին են համարում և ասոցացնում թվարկված երևույթների հետ, փաստորեն, կամ կիսագրագետ են, կամ էլ՝ անգրագետ։ 
 
Արտակ Զաքարյանն ու նրա կուսակցությունը, պարզվում է, այսքան տարի իմացել են խաղաղության գինը, սակայն  չգիտես ինչու՝ որոշել են չվճարել այդ գինը, սպասելով, որ այն տարեցտարի է՛լ ավելի բարձրանա, այնքան, մինչև պետությունը  սնանկանա և այլևս ի վիճակի չլինի վճարել։ Այնպես չէ, որ խաղաղության համար պահանջվող գինը վճարվել է խաղաղության այլընտրանքի՝ պատերազմի նախապատրաստության համար։ Եթե կա գին, որի համար վճարել է Արտակ Զաքարյանի իշխանությունը, դա սեփական բարեկեցությունը, ժողովրդից մեկուսի երջանկությունը կառուցելու, սեփական վերարտադրության և իշխանության երկարաձգման համար վճարված գինն է եղել,  պետության, բանակի, հայրենասիրության  մասին  պաթոսախեղդ ճառեր ասելու, սակայն պետությունից միայն դրա ֆուտլյարը թողնելու գինը։