Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախկինում երբեք նման բան չի եղել, որ արցախցիներն ասեն՝ մենք էլ ենք գալիս, մասնակցենք ընտրություններին․ ԼՂՀ ներկայացուցչություն

Նախկինում երբեք նման բան չի եղել, որ արցախցիներն ասեն՝ մենք էլ ենք գալիս, մասնակցենք ընտրություններին․ ԼՂՀ ներկայացուցչություն
Հայաստան
17:44, 10 июнь 2021
Civic.am-ի տեղեկություններով՝ տեղահանված արցախցիներին, որոնք այժմ Հայաստանում են, այս օրերին փորձում են պարտադրել վերականգնել ընտրելու իրավունքը և քվեարկել Քոչարյանի օգտին։ 

Մայիսի 29-ին ԿԸՀ հայտարարություն տարածեց, թե ՀՀ-ում հաշվառում չունեցող ընտրողը ինչպես կարող է մասնակցել ընտրություններին․

«Մինչև 10.06.2021թ. կարող է դիմում ներկայացնել անձնագրային և վիզաների վարչություն կամ ըստ գտնվելու վայրի անձնագրային ծառայություն ընտրողների ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու համար՝ նշելով քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի հասցեն»,- գրված էր ԿԸՀ հայտարարության մեջ:

Այս հայտարարությունից հետո սոցիալական ցանցերում կոչեր արվեցին արցախցիներին՝ գրանցվելու և մասնակցելու ՀՀ արտահերթ ընտրություններին։ 

Արցախի բնապահպանության ու բնական ռեսուրսների նախարարության մամուլի նախկին քարտուղար Բելլա Լալայանը այսօր Ֆեյսբուքի իր էջում հորդորել է արցախցիներին, որ գնան գրանցվեն և մասնակցեն ընտրությանը․ «Այսօր վերջին օրն է, գնացեք գրանցվեք, որ մասնակցեք ընտրությանը»,- գրել է նա։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ երեկ իր ֆեյսբուքյան էջում գրառել էր, որ Քանաքեռ-Զեյթուն անձնագրային բաժինը հադրութցիներից դիմումներ չի վերցնում՝ ՀՀ-ում արտահերթ ընտրություններին մասնակցելու համար՝ պատճառաբանելով, որ Ղարաբաղի գրանցում ունեցող անձինք չեն կարող մասնակցել արտահերթ ընտրություններին։ 

Civic.am
-ը կապ հաստատեց նրա հետ՝ ճշտելու՝ քանի նման ահազանգ է ստացել, քանիսն են մերժվել և քանիսն են ընդունել։ Ի պատասխան մեր հարցի՝ Ռուբեն Մելիքյանը նշեց, որ 3 ահազանգ է եղել, և երեքն էլ Հադրութի նախկին բնակիչներ են եղել, որոնք ներկայումս ապրում են ՀՀ-ում, իսկ ինչ վերաբերում է ընդհանուր թվով քանի դիմում է մերժվել կամ ընդունվել՝ իրավապաշտպանի խոսքով ինքն անտեղյակ է․ «Մի բան է, երբ դիմումներն ընդունում են և մերժում են՝ հնարավորություն տալով քաղաքացուն դիմել դատարան, մի բան է երբ դիմումը չեն ընդունում։ Այսօր իմ տեղեկություններով այդ խնդիրը լուծված է և դիմումներն ընդունում են»։ 

Մեր զրուցակիցը մեկնաբանեց նաև, որ պատերազմից հետո ՀՀ տարածքում ժամանակավորապես ապրող արցախցիները, որոնք ունեն ՀՀ քաղաքացու անձնագիր ոչ պակաս իրավունք ունեն մասնակցելու ՀՀ արտահերթ ընտրություններին․ «Նրանք չունեն փախստականի կարգավիճակ և որևէ հիմք չկա նրանց զրկելու ՀՀ քաղաքացիությունից։ Խոսքը վերաբերում է, ոչ թե Արցախում բնակվող մարդիկ գան քվեարկելու, այլ այն մարդիկ կարողանան քվեարկել, ովքեր իրենց տները կորցրել են և բնակվում են ՀՀ տարածքում»։ 

Հայաստանում ԼՂՀ մշատական ներկայացուցչության մամուլի բաժնից էլ մեզ պատասխանեցին, որ մայիսի 29-ի ԿԸՀ-ի հայտարարությունը, որտեղ գրված է, թե ինչ եղանակով է ՀՀ-ում հաշվառում չունեցող ընտրողը քվեարկությանը մասնակցելու և տեքստում չեն նշել, թե որ բնակավայրի քաղաքացիներեն են բացառություն կազմում՝ տեսակետ է ստեղծել, որ այստեղ ապրող արցախցիները ևս կարող են մասնակցել ընտրություններին․ «Հիմք վերցնելով այս հայտարարությունը՝ արցախցիները մտածել են, որ իրենք ունեն ՀՀ-ում առաջիկա ընտրություններին մասնակցելու իրավունք։ Եղել են մի քանի զանգեր, հարցրել են՝ ինչ անել, մենք էլ հարցում ենք արել Անձնագրային և վիզաների վարչություն, սակայն պատասխան դեռ չունենք։ Մեզ դիմել են բռնի տեղահանված և ժամանակավորապես ՀՀ-ում բնակվող և հաշվառում ունեցող մարդիկ, մի քանի դեպք է եղել, ուղղորդել ենք դիմեն Անձնագրային և վիզաների վարչություն»։ 

Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցչության մամուլի պատասխանատու Արմինե Հայրապետյանը դիտարկում արեց, որ արդեն քանի տարի է՝ Հայաստանում տեղի են ունենում ընտրություններ, և նախկինում երբեք նման բան չի եղել, որ արցախցիներն ասեն՝ մենք էլ ենք գալիս մասնակցենք ընտրություններին, որովհետև երկու տարբեր հանրապետությունների մասին է խոսքը, Արցախի քաղաքացիները ԿԸՀ ռեգիստրում են գրանցված, այնտեղի ընտրություններին են մասնակցում։ Եվ քաղաքացին չի կարող զուգահեռ երկու պետությունների ընտրություններին մասնակցել։ 

«Բացի հայտարարության չհստակեցվածությունից, մի խնդիր էլ կա՝ հետապետարազմյան իրավիճակ է, Հադրութի բնակիչները որտե՞ղ են գրանցված, այստեղ ժամանակավոր գրանցված մարդիկ կան և իրենք մտածում են իրենց իրավունքների շրջանակում նաև ընտրական իրավունքն է մտնում»,- եզրափակեց նա։