Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աջափնյակում զանգվածային ապօրինի շինարարություններ են տեղի ունենում. ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ․ ՀԺ

Աջափնյակում զանգվածային ապօրինի շինարարություններ են տեղի ունենում. ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ․ ՀԺ
Հայաստան
13:57, 22 июнь 2021
Այսօր «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Եղիազարյանը Երեւանի ավագանու նիստին հայտարարեց, որ Աջափնյակ վարչական շրջանում զանգվածային ապօրինի շինարարություններ են տեղի ունենում: Եթե նախկինում այդ ամենը կատարվում էր ոչ աշխատանքային օրերին, ապա, ըստ նրա, արդեն նաեւ աշխատանքային օրերին են մարդիկ հանդգնում ապօրինի խանութներ եւ կրպակներ տեղադրել կանաչ գազոնների մեջ:

Ներկայացնելով խնդիրը՝ Եղիազարյանը նաեւ նկատեց՝ բազմիցս է խոսվել ապօրինի շինարարությունների մասին, եւ քաղաքապետարանի իրավասու անձինք մշտապես շեշտել են օրենքի բացը, բայց հարց է՝ մինչեւ ե՞րբ է այդպես շարունակվելու:

«Պարոն քաղաքապետ, արդեն երեք տարին կլրանա, ինչ ղեկավարում եք քաղաքապետարանը: Քաղաքապետարանն ունի վարչություններ, իրավաբանական վարչություն եւ այն, որոնք երեք տարվա մեջ պարտավոր էին այս օրենքի բացն աշխատանքով լրացնել: Պատճառաբանում եք, թե դիմում եք Ազգային ժողով, Կառավարություն, այնտեղ էլ ձգձգում, ոչ մի բան չեն անում: Բայց այդպես ասելով ու սահմանափակվելով չի լինի: Քաղաքապետարանի աշխատակիցները պետք է օր ու գիշեր տքնաջան աշխատեին, չքնեին, բայց հասնեին ակնկալվող արդյունքին»,- ասաց նա՝ շեշտելով, որ երեք տարի է՝ այս ուղղությամբ ոչինչ չի արվել:

Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ ի պատասխան՝ ասաց, որ իրենք, ստանձնելով քաղաքային իշխանության ղեկավարման լիազորությունները, որդեգրել են մի հստակ կանոն՝ Հայաստանում բոլորը պետք է գործեն օրենքի սահմաններում:

Անդրադառնալով օրենքի փոփոխությանը՝ նա ասաց. «2019 թվականի փետրվարին՝ իմ քաղաքապետ դառնալուց մի քանի ամիս անց, արդեն մշակված նախագիծն ուղարկվել է ՀՀ կառավարություն: Կառավարության 912 Ն հայտնի որոշման մեջ փոփոխություն պետք է կատարվեր, ըստ որի՝ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում ոչ մի տիպի շինարարություն չէր իրականացվելու: Սա հստակ մի նախագիծ էր, որն ուղղակի կանգնեցնելու էր ապօրինի շինարարությունը ոչ միայն Երեւանում, այլեւ ամբողջ Հայաստանում: Ես չգիտեմ, թե ինչու այդ որոշումը չի ընդունվել»,- ասաց նա: