Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է պաշտպանական բյուջեն․ չեղարկվել են ANCA-ի կողմից աջակցվող մի քանի փոփոխություններ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է պաշտպանական բյուջեն․ չեղարկվել են ANCA-ի կողմից աջակցվող մի քանի փոփոխություններ
Միջազգային
19:01, 08 декабрь 2021
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է 2022 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեն։ Օրենքի նախագծի՝ զգալիորեն կրճատված տարբերակում չեղարկվել են հարյուրից ավելի փոփոխությունների առաջարկներ, այդ թվում՝ Ամերիկայի Հայ դատի գրասենյակի կողմից աջակցվող մի քանի փոփոխություններ:

Միաժամանակ, ԱՄՆ Հայ դատի գրասենյակից տեղեկանում ենք, որ օրինագծի վերջնական տարբերակում կա դրույթ, որը պահանջում է զեկույց՝ «Հայաստան-Ադրբեջան հակամարտության մասին»:

Աղբյուրի փոխանցմամբ՝ թեև չի մատնանշվում Ադրբեջանի ագրեսիան, սակայն շեշտվում է չորս կոնկրետ ադրբեջանական օրինախախտում.

1․ Ադրբեջանի կողմից ընդդեմ Արցախի օգտագործված թուրքական «Բայրաքթար» անօդաչուներում ամերիկյան արտադրության մասերի հայտնաբերում;

2․ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների գերեվարում և խոշտանգումներ;

3․ Թուրքիայի կողմից ջիհադիստ վարձկանների ներգրավում Ադրբեջանի կողմից Արցախի դեմ պատերազմում;

4․ Ադրբեջանի կողմից շարունակվող բռնություններ և համաձայնագրերի ու միջազգային իրավունքի խախտումներ 

ՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բյուջեում հաստատվել է Ուկրաինայի բանակին հատկացվող օգնությունը, ինչպես նաև Չինաստանի հետ հակամարտության ֆոնին Թայվանին օգնության տրամադրումը։ Օրինագծի օգտին քվեարկել է 363 կոնգրեսական, դեմ՝ 70, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Փաստաթղթում նախատեսվում է շուրջ 300 միլիոն դոլարի հատկացում՝ ի աջակցություն Ուկրաինայի Զինված ուժերին, 4 միլիարդ դոլար՝ Եվրոպայի պաշտպանական նախաձեռնությանն ու ևս 150 միլիոն դոլար՝ Բալթյան երկրներին պաշտպանության ոլորտում աջակցության համար։

Միևնույն ժամանակ, փաթեթից բացառվել են գերմանա-ռուսական «Հյուսիսային հոսք 2» գազատարի և կանանց զորակոչի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու առաջարկները՝ չնայած Կոնգրեսի մեծ աջակցությանը։

Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա օրինագիծը նախատեսում է 7,1 միլիարդ դոլարի հատկացում՝ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ՉԺՀ-ին զսպելու միջոցառումների համար։ Փաստաթուղթը պարունակում է հայտարարություն՝ ի պաշտպանություն ՉԺՀ-ից Թայվանը պաշտպանելու քայլերին, ինչպես նաև արգելում է Պենտագոնին ապրանքներ գնել Չինաստանից, որոնք ստեղծվել են Սինցզյան շրջանում հարկադիր աշխատանքի արդյունքում:

Այժմ օրինագիծը պետք է քննարկվի և ընդունվի Սենատում, այնուհետև ներկայացվի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հաստատմանը։