Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԼՂ-ում փխրուն կայունություն է ապահովում Ռուսաստանը, ԱՄՆ-ը չի կարող «վազանցել» ՌԴ-ին․ քաղաքագետը՝ Բլինքենի՝ Փաշինյանի եւ Ալիեւի հետ հեռախոսազանգերի մասին

ԼՂ-ում փխրուն կայունություն է ապահովում Ռուսաստանը, ԱՄՆ-ը չի կարող «վազանցել» ՌԴ-ին․ քաղաքագետը՝ Բլինքենի՝ Փաշինյանի եւ Ալիեւի հետ  հեռախոսազանգերի մասին
Միջազգային
20:00, 26 июль 2022
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ բավական ընդգրկուն օրակարգով հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Ուշագրավ է մասնավորապես Ալիեւի հետ հեռախոսազրույցում Բլինքենի՝  ԵԱՀԿ Միսնկի խմբի դերակատարության եւ այդ խմբում ԱՄՆ համանախագահության հանգամանքի շեշտումը։  «Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է 1994 թվականից և պատրաստ է երկկողմ համագործակցության և փոխգործակցության համախոհ գործընկերների հետ, որպեսզի օգնի Հայաստանին և Ադրբեջանին գտնել երկարաժամկետ համապարփակ խաղաղություն»,-շեշտել է Բլինքենը։ Սա այն դեպքում, երբ Ալիեւը քանիցս հայտարարել է Մինսկի խմբի «մեռած» լինելու մասին՝ այն վերակենդանացնելու ջանքերը «կործանարար» համարելով  խաղաղության համար։ Գրեթե նույնատիպ հայտարարություն՝ Մինսկի խմբի ոչ կենսունակ լինելու մասին,  քանիցս հնչել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մեկ այլ երկրի՝ ՌԴ ԱԳ նախարար Ս․Լավրովի շուրթերից։ 

ԱՄՆ պետքարտուղարի՝ նման տարողունակ օրակարգերով  հեռախոսազանգերն ինչի՞ մասին են վկայում, արդյոք ԱՄՆ-ն այսպիսով ոչ միայն ընդգծում է Մինսկի խմբի կենսունակությունն, այլեւ  փորձում է ստանձնել ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման էստաֆետը՝ վազանցելով ՌԴ-ին։

Քաղաքագետ, Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը Civic.am-ի հետ զրույցում այս առնչությամբ ասաց․ «ԱՄՆ-ը չի կարող «վազանցել»  Ռուսաստանին։ Լեռնային Ղարաբաղում փխրուն կայունություն երաշխավորում է Ռուսաստանը, իսկ բանակցությունների սեղանին նոյեմբերի 9-ի եռակողմ Հայտարարությունն է։ Չպետք է սնվել պատրանքներով կամ պատրանքներ սնուցել։ Իհարկե, Միացյալ Նահանգները իրավիճակին ազդելու հնարավորություն ունի եւ ցանկալի կլիներ, որ դա գործածեր կայունության պահպանման, հայ-ադրբեջանական երկխոսության խթանման, ոչ թե Ռուսաստանի «կառքի անիվներին մահակ խրելու»  նպատակով։ Ես մտավախություն ունեմ, որ պետքարտուղար Բլինքենի «զուգահեռ հեռախոսազրույցը» երկրորդ նպատակն է հետապնդում։  Տա Աստված՝ սխալվեմ։ Բայց կուզենայի, որ մենք եւս մեկ անգամ չտարվեինք «Վերսալի երազանքներով»։ Խնդիրները լուծվելու են Ռուսաստանի առարկայական միջնորդությամբ։ Եւ ոչ թե Բլինքենը կամ Մակրոնը կամ Բայդենը պետք է մասնավորեցնեն նոյեմբերի 9-ի Հայտարարությունը, այլ՝ ինքներս։  Իմ ընկալմամբ, որ չեմ հավակնում դիտել տալ որպես  «ունիվերսալ»՝ մենք ունենք հետեւյալ հարցերը ճշգրտելու հնարավորություն եւ , ինչու չէ՝ իրավունք․ ո՞րն է նոյեմբերի 9-ի Հայտարարությամբ ձեւակերպված «Լեռնային Ղարաբաղը»։ Խոսքը վարչական միավորի՞, թե՞ էթնիկ հայերի բնակության տարածքի մասին է։ Ո՞րն է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, որտե՞ղ է սկսվում, որտե՞ղ՝ ավարտվում, որո՞նք են դրա ֆիզիկա-աշխարհագրական պարամետրերը։ Եւ երրորդ՝ ովքե՞ր են Լեռնային Ղարաբաղում շփման գծի կողմերը։ Դա ԼՂ Պաշտպանության բանակի եւ Ադրբեջանի ԶՈՒ շփմա՞ն գիծն է, թե՞ Ադրբեջանի ԶՈՒ-ի եւ ՌԴ խաղաղապահ զորախմբի։ Այս հարցերի պատասխանը ոչ Վաշինգտոնը գիտի, ոչ՝ Փարիզը։ Գիտի Մոսկվան, որովհետեւ նոյեմբերի 9-ի Հայտարարության տեքստի հեղինակը ինքն է, ստորագրողներից մեկը՝ նույնպես։ Այս երեք հարցերը, կարծում եմ, պետք է ակտուալացնի Ստեփանակերտը, դա իր հարցն է, խնդիրը։ Եթե կուզեք՝ ճակատագիրը։ Իսկ ամեն ոք իր ճակատագիրը տնօրինում է ինքնուրույն։ Հայաստանը պետք է դիվանագիտական աջակցություն ցուցաբերի»։ 

Առաջիկայում պլանավորվում է Փաշինյան-Ալիեւ հանդիպում, սակայն հստակ ժամկետներ չեն նշվում։  Ենթադրաբար՝ օգոստոսին։ Ի՞նչ է դրվելու այդ հանդիպման բանակցային սեղանին։  Ըստ պրն Աթանեսյանի՝ փորձ է արվելու լուծել հայ ռազմագերիների եւ պատանդների հայրենադարձության հարցը։ «Որքան հասկացվում է Բլինքենի հեռախոսազրույցից՝ Արեւմուտքում կարծում են, որ այդ դեպքում Հայաստանը ավելի ազատ կլինի սկզբունքային որոշումներ ընդունելու»,-նկատեց մեր զրուցակիցը։

Այսօր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Է․Աղաջանյանը եւս մեկ անգամ անդրադառնալով ադրբեջանա-թուրքական լեքսիկոնում հաճախ կիրառվող կապակցությանը՝ «Զանգեզուրի միջանցք», ընդգծել է՝ «Հայաստանը հրաժարվում է Զանգեզուրի միջանցքի մասին հարց քննարկել ու հրաժարվել է ի սկզբանե»: Արդյոք ՀՀ-ի այս վերահաստատումը վկայում է այն մասին, որ «Զանգեզուրի միջանցք» ասվածը շարունակում է հարաբերությունների կարգավորման առումով ելակետային հարց համարվել թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից։ Ի պատասխան՝ քաղաքագետն ասաց․ «Բարդ է ասել՝ դա թուրք-ադրբեջանական տանդեմի՞ կշռի հարց է։ Ինձ թվում է՝ մենք գերագնահատում ենք Թուրքիայի եւ Ադրբեջանի հնարավորությունները։ Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն օգտագործում է «Զանգեզուրի նախագիծ» տերմինը եւ այն համարում «միջին միջանցք»։ Որտեղի՞ց է սկսվում «միջանցքը» եւ որտե՞ղ պիտի ավարտվի՝ այս հայացքով պիտի, կարծում եմ, գնահատել խնդիրը, դրա կարեւորությունը, ընդդիմանալու կամ աշխարհաքաղաքականության ներգրվելու նպատակահարմարությունը, տարբերակներից մեկն ընտրելու եւ իրացնելու մեր բոլոր ռեսուրսները։ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծն էլ միջազգային դիսկուրսում անվանվում է «միջանցք»։ Բայց վրացիները դրանից ողբերգություն չեն ստեղծում իրենց համար։ Մի բան պետք է ընդգծվի․ ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան, ոչ իսկ թուրք-ադրբեջանական տանդեմը պատերազմ սկսելու ռեսուրս չուներ։ Չունի նաեւ Սյունիքում «միջանցք բացելու» ռեսուրս։ Խնդիրը կկարգավորվի, եթե կարգավորվելու լինի, ավելի մեծ համաձայնությամբ կամ թեման գլոբալ անհամաձայնությամբ կփակվի։ Պետք է այդ սցենարին եւս պատրաստ լինել։ Եթե ոչինչ չի ստացվում, ապա ի՞նչ է հետեւելու դրան։ Հարցերի հարցը դա է»։

Հեղինե Մանուկյան