Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ենթադրյալ ակտիվիստները բնավ էկոակտիվիստներ չեն. իրենք այնտեղ են, որպեսզի ԼՂ-ում կյանքը անտանելի դարձնեն. դատարանի որոշումը հրատապ անհրաժեշտություն է. ՄԱԿ Արդարադատության դատարանում ՀՀ իրավախորհրդատու

ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի դիմումն ընդդեմ Ադրբեջանի ներկայացրեց ՀՀ իրավախորհրդատու Լորենս Մարտինը։ «Հարգելի դատարան, եկել ենք խնդրելու, որ հրատապ միջամտեք, որպեսզի վերջ դրվի շարունակվող մարդասիրական աղետին։ Նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից ի վեր ԼՂ հայ բնակչությունը գրեթե ամբողջովին կտրված է աշխարհից։ Նրանք շարունակում են զրկված մնալ սննդամթերքի, դեղորայքի հասանելիությունից և կյանքի համար անհրաժեշտ բոլոր այլ պարագաներից։ Եթե դատարանը արագ քայլեր չձեռնարկի, ապա նրանց կյանքը կլինի վտանգված»,- ասաց դատարանում Հայաստանի իրավախորհրդատուն։

Մարտինը հիշեցրեց, որ 2020 թվականի պատերազմից հետո տասնյակ հազարավոր էթնիկ հայեր հարկադրված հեռացան այն տարածքներից, որոնք Ադրբեջանը գրավեց։ «Անգամ մեկ հոգի չի կարողացել վերադառնալ իր տուն։ Պատերազմը երբ ավարտվեց, ՌԴ-ն խաղաղապահներ ուղարկեց տարածաշրջան, որպեսզի «կանխվի ԼՂ քաղաքացիական բնակչության զանգվածային մահը»,- սա մեջբերված է դաշնության խորհրդի որոշումից։ Նույնիսկ այդ պարագայում Ադրբեջանը իրենից կախված ամեն ինչ արել է, որպեսզի այնտեղ մնացող էթնիկ հայերի կյանքը դարձնի անտանելի՝ հարձակվել է հայկական գյուղերի վրա՝ խախտելով հրադադարի պայմանագիրը, հարկադրաբար տեղահանել է հայերին, այդ թվում՝ Փառուխ, Բերձոր, Աղավնո և Սուս գյուղերից։ Ահաբեկել և սպանել է այն հայերին, ովքեր իրենց առօրյա գործերով էին զբաղվում և պատահաբար անցնում ադրբեջանական զորքերի մոտակայքով։ Պարբերաբար և շարունակաբար ընդհատում է գազամատակարարումը, բջջային կապը և ինտերնետը։ Ադրբեջանը միշտ ակնհայտորեն չի թաքցրել իր նպատակը։ Վետերանների համար Բաքվում  բացվող նոր բնակհամալիրի ժամանակ  ելույթում Ալիևը ասաց. «Մեր հիմնական պարտքն էր վտարել հայերին մեր հողերից»։

Ընդ որում, սա մարդ է, ով սիրում է հայերին անվանել «շներ, վանդալներ, վայրենիներ, բարբարոսներ»։ Էլ ավելի ցնցող է 2020-ի տարեվերջին Ադրբեջանին պատկանող դրոշմանիշային ընկերության թողարկած դրոշմանիշը։ Նկարում թունավոր նյութերի հետ աշխատելու համար նախատեսված հագուստով մարդը հականեխում է Լեռնային Ղարաբաղը։ Ըստ էության, Ադրբեջանը տարածաշրջանի հայերին համարում է վերացման ենթակա։ Պատերազմից հետո շուրջ 120 հազար էթնիկ հայեր են մնացել Լեռնային Ղարաբաղում, և նրանք կապված են Հայաստանի և արտաքին աշխարհի հետ ընդամենը մեկ բարակ լարով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով՝ Լաչինի միջանցքով»,- ասաց Մարտինը։ Վերջինս հիշեցրեց նաև, որ օդային ճանապարհը ևս փակ է, քանզի Ադրբեջանը սպառնացել է, որ կհարվածի ցանկացած օդանավի, որը կօգտագործի Ստեփանակերտի օդանավակայանը։  

Հայաստանի իրավախորհրդատուն, հիշեցնելով այսպես կոչված՝ էկոակտիվիստների կողմից ճանապարհը փակելու փաստը, նշեց. «Դա վատ պատրվակ էր, վատ հորինված պատմություն ի սկզբանե։ Ոչ  ոք չհավատաց, որ ցուցարարներին իսկապես հուզում է շրջակա միջավայրը ԼՂ-ում։ Ադրբեջանցի իրական մի բնապահպան ֆեյսբուքում շրջափակումը սկսելու հենց նույն օրը գրեց. «Պարզ է, որ Ղարաբաղում բնապահպան ակտիվիստների բողոքի ցույցը հորինված է։ Մինչ այս ես գոնե մեկ հոգու չեմ տեսել, որ ընդհանրապես կհոգար բնապահպանական հարցերի մասին։ Նրանք հարմարեցված, հատուկ թատրոնում դեր խաղացողներ են»։ Ադրբեջանական անկախ լրատվամիջոցներից մեկը ցուցարարների հետ հարցազրույց իրականացրեց, և շատ քչերն էին իրոք բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ընդ որում, շատերը այնպիսի ՀԿ-ների ներկայացուցիչներ են, որոնք ֆինանսավորվում են կա՛մ Ադրբեջանի կառավարության, կա՛մ Հեյդար Ալիևի հիմնադրամի կողմից։  Սոցցանցերում բազմաթիվ են, այսպես կոչված, ցուցարարների լուսանկարներ, ովքեր ռազմական հագուստներով են նկարված։ Ընդ որում, ցուցարարների առաջնորդներից մեկը Ադրբեջանի բանակի հատուկ հետախուզական ծառայության սպա է»,- ասաց ՄԱԿ-ում ՀՀ իրավախորհրդատուն։  

Վերջինս բազմաթիվ այլ փաստեր ներկայացրեց, որոնցով ապացուցվում էր, որ բնապահպանական մտահոգությունները հորինված են՝ նշելով, որ Ադրբեջանում բազմաթիվ բնապահպանական խնդիրներ կան, սակայն Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը միակն էր, որտեղ ակցիա իրականացվեց, և փակվեց ճանապարհը։ Բացի դրանից, ըստ Մարտինի, ակտիվիստները նաև այլ՝ ոչ բնապահպանական պահանջներ սկսեցին ներկայացնել։ Մարտինը ուշադրություն հրավիրեց նաև հանգամանքին, որ ցուցարարները հայտնի հակահայկական, ռասիստական «Գորշ գայլերի» նշաններն են ցուցադրել ձեռքերով։

Հայաստանի իրավախորհրդատուն նշեց, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում կրիտիկական է՝ մարդիկ մնացել են առանց սննդամթերքի, դեղորայքի, էլեկտրականության և այլն։ Փակված են դպրոցները, բազմաթիվ տնտեսվարողներ դադարեցրել են գործունեությունը, մարդիկ մնացել են առանց աշխատանքի։ Մարտինը հիշեցրեց, որ ողջ միջազգային հանրությունը Ադրբեջանին կոչ է արել  դադարեցնել արգելափակումը։ «Օրինակ՝ հունվարի 19-ին Եվրոպական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ բանաձև ընդունեց, որով ուղղակիորեն նշեց, որ վտանգ կա ԼՂ բնակիչների համար, և կոչ արեց Ադրբեջանին անհապաղ վերացնել արգելափակումը։ Այդ կոչը, սակայն, մնաց անարձագանք Ադրբեջանի կողմից»,- ասաց Լորենս Մարտինը։

ՀՀ իրավախորհրդատուն նկատեց նաև, որ Ադրբեջանը, ի պատասխան, մեծ հաշվով շատ բան չի ասում։ Ընդամենը նշում է, որ ճանապարհը վերահսկվում է ՌԴ խաղաղապահների կողմից և ո՛չ Ադրբեջանի։ «Այդ պնդումը ամբողջությամբ անուշադրության է մատնում այն փաստը, որ եռակողմ հայտարարության 6-րդ կետով Ադրբեջանը ուղղակիորեն պարտավորվել էր երաշխավորել քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տեղաշարժը երկու ուղղություններով՝ Լաչինի միջանցքի երկայնքով։ Ադրբեջանի պնդման մեջ հաշվի առնված չէ նաև այն փաստը, որ, այսպես կոչված, ցուցարարները իր իսկ քաղաքացիներ են, ովքեր կարող են այնտեղ լինել միմիայն այն պատճառով, որ այն Ադրբեջանը վերջերս նվաճել է կառավարության ակնհայտ և անմիջական թույլտվությամբ։

Ադրբեջանի կողմից ներկայացված ապացույցներն են անգամ դա ապացուցում։ ՀԿ-ները դիմել են Ադրբեջանի նախագահի աշխատակազմին, որպեսզի թույլ տան տեղում մասնակցել բողոքի ցույցերին։ Նախագահ Ալիևը նույն հեշտությամբ կարող է զրկել իրենց այդ իրավունքից։ Հաջորդ պնդումը, թե ցուցարարները չեն արգելափակում ճանապարհը, և ՌԴ խաղաղապահները թույլ են տալիս, որպեսզի կարևոր դեղորայքները, մարդասիրական բեռները անցնեն ճանապարհով, ակնհայտ է, որ սուտ է»,- նշեց Մարտինը ու ցուցադրեց նկարներ, որոնք ապացուցում էին, որ միջանցքը փակ է, և բեռները չեն կարող անցնել ճանապարհով, ապա հավելեց. «Եթե ճանապարհը բաց է, ապա ինչո՞ւ պետք է ԿԽՄԿ-ն կամ ռուս խաղաղապահները ամեն անգամ բանակցեն ցուցարարների հետ, որպեսզի ծանր հիվանդները դուրս բերվեն ԼՂ-ից, և ինչո՞ւ պետք է անհրաժեշտ լիներ, որ ռուս խաղաղապահները և ԿԽՄԿ-ն տեղ հասցնեին այն չնչին ծավալի ապրանքները, որոնք տեղ են հասնում»։ Մարտինը մեջբերեց նաև Ադրբեջանի պետական հեռուստաընկերություններից մեկի հոդվածը, որտեղ նշվում է. «Այսօր պայմաններ ստեղծվեցին, որպեսզի ԿԽՄԿ-ին պատկանող մեքենաները անցնեն Խանքենդի-Լաչին ճանապարհով։ Ակցիայի մասնակիցները դուրս եկան ճանապարհից և միջանցք բացեցին մեքենաների անցման համար»։ Մարտինը ուշադրություն հրավիրեց այս ձևակերպմանը՝ նշելով, որ ցուցարարները, ըստ էության, ընդամենը մի քանի րոպեով են վերացրել արգելափակումը, որպեսզի ԿԽՄԿ մեքենաները անցնեն։ 

Անդրադառնալով Ադրբեջանի պնդումներին, թե Հայաստանը զենք է անցկացնում միջանցքով, նշեց, որ որևէ ապացույց այդ իմաստով չկա։

Մարտինը նշեց, որ եթե Ադրբեջանը ցանկանար վերացնել արգելափակումը, ապա կաներ դա, բայց դրանով նա հետաքրքրված չէ, և դատարանի որոշում է անհրաժեշտ, և դա հրատապ անհրաժեշտություն է։ «Ենթադրյալ ակտիվիստները բնավ էկոակտիվիստներ չեն։

Իրենք իրական բնապահպանական գործունեությամբ երբեք չեն զբաղվել։ Կառավարության կողմից ֆինանսավորվող քաղաքացիներ են և պետական ծառայողներ ու զինվորականներ։ Բոլորին միավորում է մեկ բան՝ վաղուց իրենց դասավանդված խոր ատելությունն առ հայերը։

Իրենք այնտեղ են կառավարության աջակցությամբ և կառավարության օրակարգը առաջ տանելու մտայնությամբ, որպեսզի կյանքը անտանելի դարձնեն Լեռնային Ղարաբաղում»,- եզրափակեց ՄԱԿ Արդարադատության դատարանում ՀՀ իրավախորհրդատուն։