Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալիևի Գրանադա չներկայանալը այլ կենտրոնների հետ պայմանավորվածության արդյունք էր, որ մերժում են Արևմուտքի առաջարկները՝ միայն ընդունելով ռուսական հարթակը․ Բաքոյան

«Ես կարծում եմ, որ Ադրբեջանի նախագահի չներկայանալը միայն իրենով չի պայմանավորված, իրենք ունեն պայմանավորվածություններ այլ կենտրոնների հետ և իրենց հետ համաձայնեցնելով` չեն գնում այդ հանդիպումներին ու մերժում են Արևմուտքի առաջարկները՝ միայն ընդունելով ռուսական հարթակը»,- Civic.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ Ալիևը խուսափում է արևմտյան հարթակներում բանակցություններից և չի ստորագրում Գրանադայում ձեռք բերված պայմանավորվածությունների փաստաթղթի տակ։

Բաքոյանի խոսքով՝ Ռուսաստանի շահերն այսօր չեն համընկնում Հայաստանի հետ, և դա է պատճառը նաև, որ ռուս խաղաղապահները ձախողել են իրենց պարտավորությունների կատարումը ԼՂ-ում․ «Մենք կարող ենք երկու ուղղությամբ մտածել՝ առաջինը, որ չեն ցանկացել և պայմանավորվածությունների մեջ էր այդ չցանկանալը, իսկ երկրորդը՝ որ չեն կարողացել։ Եթե մի տարբերակը վատն է, ապա մյուսը ավելի վատն է։ Այն, ինչ տեղի է ունեցել ռուս խաղաղապահների թողտվությամբ, պայմանավորվածությունների արդյունք է»։

Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությանը, թե Նախիջևանի ու Ադրբեջանի միջև տրանսպորտային կապը ՀՀ-ի տարածքով պետք է վերահսկի ՌԴ ԱԴԾ ծառայությունը՝ Բաքոյանն ասաց․ «Մեր արտաքին գործերի նախարարությունը ի պատասխան հնչեցրել է, որ մենք որևէ փաստաթղթով որևէ տեղ չենք արձանագրել, որ ՀՀ-ի սուվերեն տարածքով կարող է ճանապարհ անցնել երրորդ երկրի վերահսկողությամբ»։

Բաքոյանը խոսելով ՀՀ-ի և արևմտյան մի շարք երկրների միջև հարաբերությունների զարգացման մասին՝ նշեց․ «ՌԴ-ի հանդեպ մեր վստահությունը չի արդարացվել և մենք որպես անկախ պետություն՝ կարող ենք հարաբերություններ հաստատել աշխարհի տարբեր երկրների՝ հետ ՀՀ-ի անվտանգությունը պաշտպանելու համար»։

Մանրամասները՝ տեսանյութում

Դավիթ Լևոնյան