Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ դիտորդների մասին Ռուստամյանի հայտարարությունը կարելի է համարել հերթական անհույս փորձը՝ սեպ խրելու ՀՀ-Իրան հարաբերություններում. Ոչ ոք Իրանում լուրջ չի վերաբերվում ՀՅԴ-ականների նենգամիտ մտքերին. իրանագետ

ԵՄ դիտորդների մասին Ռուստամյանի հայտարարությունը կարելի է համարել հերթական անհույս փորձը՝ սեպ խրելու ՀՀ-Իրան հարաբերություններում. Ոչ ոք Իրանում լուրջ չի վերաբերվում ՀՅԴ-ականների նենգամիտ մտքերին. իրանագետ
Հարցազրույց
15:25, 16 ноябрь 2023
Նոյեմբերի 9-ին Տաշքենդում  տեղի ունեցած հանդիպմանը Ադրբեջանի նախագահ  Իլհամ Ալիևն ու ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռաիսին քննարկել էին Իրանի տարածքով Նախիջևան տրանսպորտային միջանցքի կառուցման, Արաքսի հարավային ափով երկաթուղային և ավտոմոբիլային երթուղիների համաձայնեցման հնարավորությունները։ Ալիևն այդ հանդիպմանը հայտարարել էր, թե «Հայաստանը մեծ սխալ է գործել՝ հրաժարվելով «Զանգեզուրի միջանցքից»։ Նախօրեին էլ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն  ընդունել է Բաքվում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավիին, քննարկել երկու երկրների առաջնորդների միջև անցած շաբաթ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Civic.am-ը այս և մի քանի այլ հարցերի վերաբերյալ հարցեր է հղել Թեհրանում բնակվող մեր հայրենակից, իրանագետ Սահակ Շահմուրադյանին։  

- Պարոն Շահմուրադյան, ինչպե՞ս եք գնահատում Իրանի տարածքով Նախիջևան տրանսպորտային միջանցքի կառուցման գործարքը, որքա՞ն մոտ ապագայում այն հնարավոր կլինի կյանքի կոչել, և արդյոք այսպիսով փակված կարելի՞ է համարել «Զանգեզուրի միջանցքի»  թեման։ 

- Հարցը եկեք դիտարկենք լայն համատեքստում, որպեսզի հասկանանք իրավիճակի բոլոր նրբությունները. Հայաստանի հետ ԵՄ միջնորդությամբ խաղաղության պայմանագրի ստորագրման, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Բաքվի ռեժիմի  հակասական, հավակնոտ մոտեցումները,  ինչպես նաև Իրանի «թիվ մեկ» թշնամի Իսրայելի հետ ռազմական և տնտեսական բազմակողմանի հարաբերություններ մշակելը Կովկասյան տարածաշրջանում  լուրջ հակասություններ էին ի հայտ բերել  Իրան-Ադրբեջան հարաբերություններում, որի վերաբերյալ իրենց դժգոհությունն են հայտնել իրանցի բարձրաստիճան պաշտոնատարները։ Գազայի հատվածում տեղի ունեցող զարգացումները՝ պաղեստինյան անզեն ժողովրդի դեմ Իսրայելի բանակի դաժան ոճրագործությունները Իրանին իրոք անհանգստացնող հանգամանքներից են և մեծապես ազդել են Իրան-Ադրբեջան, Իրան-Թուրքիա հարաբերությունների վրա։ Իրանը  Ադրբեջանից պահանջել է դադարեցնել նավթի մատակարարումը Իսրայելին և միանալ Իսլամական աշխարհի երկրների կողմից Իսրայելին բլոկադայի ենթարկելու շարժումին։ Թվում է՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերություններն ավելի խորը և արմատական ձևակերպում են ստացել, և Բաքուն պատրաստ չէ հրաժարվել  Իսրայելին  սպասարկելու իր մտադրություններից՝ ընդդեմ Իրանի։ «Զանգեզուրի միջանցք» ստանալու Բաքվի հավակնություններին ընդդիմանալու Իրանի ջանքերը  ստիպեցին Ալիևին և  նրա հետ համախորհուրդ  գործող  Թուրքիային սթափվել և իրենց  «կաշին փոխելով»  Կովկասյան տարածաշրջանի բարդ հարցերում գոնե այս փուլում  առերևույթ չդիմակայել  Իրանին։ Նոյեմբերի սկզբին Իրանի նախաձեռնությամբ Թեհրանում կայացած «3+3» ձևաչափով հանդիպմանը  Բաքվի՝ արտգործնախարարի մակարդակով պատվիրակության մասնակցությունը,  Իրանի նախագահի և արտգործնախարարի հետ Մուստաֆաևի հանդիպումը ձևական քայլ էին՝ մեղմելու Իրան-Ադրբեջան լարված հարաբերությունները։ Եվ բացի դրանից, ակնհայտ է, որ Արևմուտքի կողմից Ադրբեջանի վրա գործադրվող ճնշումները և ՀՀ  տարածքային ամբողջականությունը պահպանելու ուղղությամբ ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից հնչեցվող կտրուկ հայտարարությունները, Սյունիքի մարզի պաշտպանության ուղղությամբ Իրանի դրսևորած քայլերը, Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման անհրաժեշտության շեշտադրումը Թեհրանի կողմից ուղերձներ են Ադրբեջանի իշխանություններին՝ հարգել տարածաշրջանային և միջազգային ուժերի կողմից ընդգծված  «կարմիր գծերը»,  վերջ տալ սանձարձակ, միջազգային օրինաչափություններին հակասող, անպատասխանատու վարքագծին։  Աշխարհը դեռ չի մոռացել, որ հենց նույն Արևմուտքի, Արևելքի կամ Իսրայելի կողմից հովանավորվող կամակոր ռեժիմների դիկտատորներն ինչ դառը ճակատագրի արժանացան հենց իրենց հովանավորող պետությունների  կողմից։ Վախենալով իր ռեժիմի  ապագայի համար՝ Ալիևը  վերջին գոնե մեկ ամսում շրջադարձ է կատարել  Իրանի հետ իր որդեգրած թշնամական և կամայական մոտեցումներում և խելոք նստել է տեղը՝ փորձելով  ավելի չգրգռել Թեհրանի  զայրույթը։ Իր հերթին Իրանը, տարածաշրջանային բազմավեկտոր իր քաղաքականությունը շարունակելով, հարևան պետությունների հետ հավասարակշիռ հարաբերությունները  պահպանելով, Ադրբեջանի հետ հարաբերություններում Իսրայելի և ԱՄՆ-ի լարած թակարդում չհայտնվելու համար փորձում է  վերականգնել իր սառը հարաբերությունները  Իսրայելի հավատարիմ դաշնակցի՝ Ադրբեջանի հետ՝ Արաքս գետի հովտում անցակետի կառուցման մեկնարկը դնելով։ Անկասկած է,  որ Իրանը «Զանգեզուրի միջանցքի»  թեման փակված չի համարում, քանի որ գիտի՝ այդ հարցը շարունակում է պնդել իր մյուս հարևան և մրցակից պետությունը՝ Ադրբեջանի ռեժիմի հովանավոր և Իսրայելի քողարկված դաշնակից Թուրքիան։    

- Եվրամիության արտգործնախարարները հավանություն են տվել Հայաստանում տեղակայված դիտորդական առաքելությունն ընդարձակելու առաջարկին։ Հայտնի է, որ ՀՀ-ում դիտորդություն է անում ԵՄ 100-հոգանոց կազմը։  Իրանն, ըստ Ձեզ, ինչպե՞ս կարձագանքի դիտորդների թվի ավելացմանը։ ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանն օրերս հայտարարել է, որ ԵՄ դիտորդները  խնդիրներ առաջացրին Իրանի և ՌԴ-ի հետ։ Իսկապե՞ս այդպես է, Իրանի համար խնդրահարո՞ւյց է դիտորդների առկայությունը ՀՀ-ում։ 

- Դիտորդների առաքելությունը նոր երևույթ չէ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, և այդ առաքելությունը համահունչ է միջազգային իրավական չափանիշներին, որին համահունչ քայլեր է ձեռնարկում Հայաստանի Հանրապետությունը՝ ՄԱԿ-ի հետ համաձայնեցված պայմանավորվածությունների շրջանակում, իր սահմանների անձեռնմխելիությունը և անվտանգությունն ապահովելու համար։ Հայաստանի այս՝ միջազգային իրավունքին համաչափ քայլերին չի կարող դեմ լինել ոչ տարածաշրջանային,  ոչ էլ արտատարածաշրջանային որևէ ուժ։ Մի՞թե այդ պետությունները թշնամական տրամադրվածություն ունեն Հայաստան պետության դեմ. Իրանի պարագայում կարող ենք վստահեցնել՝ չկա նման միտում։ Իրանը հայտարարել է, որ դեմ չէ  ՀՀ-ում  տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությանը, քանի որ դա հենց բխում է նաև Իրանի շահերից, և վստահ եմ, որ ՀՀ  իշխանություններն ամենաբարձր մակարդակով Իրանին տեղյակ են պահել ԵՄ դիտորդական առաքելության նպատակների, քանակի, տեղակայման վայրերի ու այլ մանրամասների մասին։ Ինչ վերաբերում է  ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանի  անհիմն հայտարարություններին, դա, ինչպեսև իր մյուս կուսակիցների պնդումները,  բխում են նրանց թշնամական վարքագծից՝ հանդեպ  ՀՀ իշխանությունները։ Նման հայտարարությունը  միմիայն կարելի է  բնութագրել որպես հերթական անհույս փորձ՝ սեպ խրելու երկու հարևան և բարեկամ երկրների խորացող հարաբերություններում։ Ոչ ոք Իրանում  լուրջ չի վերաբերվում ՀՅԴ-ականների նման անլուրջ և նենգամիտ հայտարարություններին։ 

- Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն «սադրիչ» և «անհիմն» էր անվանել ՀՀ-ում ԻԻՀ  դեսպան Մեհդի Սուբհանիի՝ «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցում հնչեցրած  հայտարարությունները։ ԻԻՀ դեսպանը նշել էր, որ Իրանը դեմ չէ տրանսպորտային հաղորդակցության վերականգնմանը, սակայն անընդունելի է համարում ՀՀ վերահսկողությունից դուրս ճանապարհների առկայությունը։ Նա նաև հայտարարել էր ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին՝ նշելով. «Մենք ճանաչում ենք ՀՀ-ի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը միջազգային նորմերին համապատասխան, բայց դա չի նշանակում, որ  պետք է ոտնահարվեն այնտեղ գտնվող մարդկանց իրավունքները»։  Դեսպանի այս հայտարարություններին ինչպե՞ս են արձագանքել Իրանում։

- Նախ նշեմ, որ ՀՀ-ում ԻԻՀ  դեսպան Մեհդի Սուբհանիի այս ուշագրավ հայտարարությունը գալիս է փաստագրելու, որ Իրանը դրական է տրամադրված Հայաստանի՝ միջազգային նորմերին համապատասխանող ջանքերին, որոնք ուղղված են Կովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, ինչին ակնհայտորեն դեմ են Ադրբեջանը և Թուրքիան։  Իրանի համար արդեն ընդունված փաստ է, որ Հայաստանը, հարգելով հարևանների իրավունքներն ու միջազգային իրավական նորմերը, միշտ կարողացել է դիմակայել լարվածության սրման գայթակղությանը, որպեսզի ցույց տա միջազգային հանրությանը, որ ինքը ագրեսոր չէ և հարգել է 2020 թ. նոյեմբերի հրադադարի համաձայնագիրը։  Ադրբեջանն, ընդհակառակը, երեք տարի շարունակ  խախտել է ոչ միայն այդ համաձայնագիրը, այլև այսօր փորձում է խախտել ԵՄ միջնորդությամբ խաղաղության պայմանագրի ստորագրման բոլոր ջանքերը։  Սրանք փաստեր են, որոնք չեն կարող աննկատ մնալ Իրանի կողմից։  Եվ դեսպան Մեհդի Սուբհանիի հարցազրույցը այս փաստերի վերաարձանագրման համատեքստում է։ Հարցազրույցն, ի դեպ, լայն արձագանք է գտել նաև իրանական ԶԼՄ-ներում և Կովկասյան տարածաշրջանի հարցերով զբաղվող փորձագիտական շրջանակներում։ 

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարի  արձագանքը  դեսպան  Սուբհանիի արձանագրումներին վկայում է հենց Ադրբեջանի «սադրիչ» և «անհիմն» մոտեցումների մասին՝ ապացուցելով, թե որքան թշնամական և ատելավառ մոտեցում ունի Իրանի և Հայաստանի նկատմամբ։ Անկասկած, Այխան Հաջիզադեի  սադրիչ հայտարարությունն անպատասխան չի մնա Իրանի դիվանագիտական շրջանակների կողմից։  
 
Հեղինե Մանուկյան