Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կա երրորդ ուժ, որը փորձում է խոչընդոտել խաղաղության պայմանագրի օրակարգը, գուցե ՌԴ-ի մասին է խոսքը. Բաքոյան

«Ընդդիմության ներկայացուցիչ պատգամավորները շատ հաճախ իրականությունից կտրված եզրույթներ են օգտագործում, որոնք իրականության հետ որևէ աղերս չունեն»,- նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորներից մի քանիսի հայտարարություններին, թե հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղը չի լուծարվում։ 

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե պատրաստ են խաղաղությանը, սակայն ՀՀ-ն պետք է լիովին հրաժարվի Ադրբեջանի հանդեպ տարածքային հավակնություններից,  Բաքոյանը նշեց. «Կարող եմ հետևյալը ասել։ Այստեղ ոչ միայն երկու կողմերն են, որ որոշում են կայացնում, այլև, իմ պատկերացմամբ, կան այլ կողմեր, երրորդ ուժ կամ այլ ուժեր, որոնք փորձում են խոչընդոտել այս օրակարգը, ու այս առումով փորձում են գուցե ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի խաղաղության օրակարգը կյանքի չկոչվի։ Հետևաբար Ալիևի մակարդակով արվում են հայտարարություններ, որոնք իրականության հետ աղերս չունեն»։

Բաքոյանը կարծում է, որ կան ուժեր, որոնք չեն ցանկանում, որ խաղաղության օրակարգը հաստատվի: Իսկ ճշտող հարցին, թե արդյոք այդ ուժը Ռուսաստա՞նն է, պատգամավորը պատասխանեց. «Գուցե նաև ՌԴ-ի մասին էլ է խոսքը, և մենք չպետք է թաքցնենք կամ դրա մասին չխոսենք։ Եթե կա խնդիր, ապա պետք է այդ խնդրի մասին բարձրաձայնենք և հասկանանք, թե ինչո՞ւ է այդպես, և նույն կենտրոնների հետ խոսենք և փորձենք հասկանալ իրենց նպատակը»։

Անդրադառնալով մամուլում որոշ հրապարակումներին, թե «Քաղաքացիական պայմանագիրը» պատրաստվում է  արտահերթ ընտրությունների, Բաքոյանը ասաց. «Դա կեղծ օրակարգ է, որը ընդդիմության ու ընդդիմությանը թելադրողների կողմից է դաշտ նետվում»։ 

Հարցին, թե հնարավո՞ր է համարում, որ մինչև այս տարվա վերջ ստորագրվի խաղաղության պայմանագիրը, Բաքոյանը ասաց. «Հայկական կողմը պատրաստ է, և հայկական կողմը օր առաջ ցանկանում է խաղաղության պայմանագրի տակ ստորագրել, այլ հարց է, թե ադրբեջանական կողմը ինչքանով է պատրաստ և արդյոք ցանկանո՞ւմ է, թե՞ ոչ։ Ամեն դեպքում ինտենսիվ աշխատանքները կատարվում են»։ 

Դավիթ Լևոնյան 

Մանրամասները՝ տեսանյութում