Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեր ճանապարհին միշտ կտեսնենք Մոսկվային, բայց կգա մի պահ, կհասկանանք՝ ՌԴ-ից պոկվել պրծել եք

Մեր ճանապարհին միշտ կտեսնենք Մոսկվային, բայց կգա մի պահ, կհասկանանք՝ ՌԴ-ից պոկվել պրծել եք
Հարցազրույց
08:30, 06 март 2024
Օրերս Հայաստան էր ժամանել Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասը։ Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ հանդիպման ընթացքում քննարկել են Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափով համագործակցությունը։ «Անդրադարձել ենք նույն արժեքները կրող այլ բարեկամ երկրների հետ բազմակողմ ձևաչափով համագործակցության հնարավորություններին։ Կարևորել ենք ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի շրջանակներում ՀՀ-ի և Հունաստանի միջև համագործակցությունը»,- նշել է Պապիկյանը։ Նիկոլաոս Դենդիասն էլ խոսել է Հայաստան-Հունաստան-Ֆրանսիա-Հնդկաստան քառակողմ համագործակցության հնարավորության մասին։ Արդյոք այս ձևաչափով ռազմաքաղաքական համագործակցությունը իրատեսակա՞ն է։ Թեմայի շուրջ Civic.am-ը զրուցել է Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանի հետ։

- Պարոն Սուքիասյան, արդյոք հնարավո՞ր է այսօրինակ համագործակցություն, և ինչպե՞ս այն կարող է դրսևորվել։

- Մոտ 4-5 ամիս առաջ եմ ասել, որ ուրվագծվում է Հայաստան-Հունաստան-Ֆրանսիա բլոկային համագործակցության ինչ-որ տրամաբանություն։ Իհարկե, դա ձևակերպված չէ, բայց հարաբերությունների տրամաբանությունը թույլ է տվել ենթադրել, որ ձևավորվում է բլոկային համագործակցության ձևաչափ։ Իհարկե, մենք սովոր ենք մտածել կաղապարներով, որ կա ՀԱՊԿ, կա ՆԱՏՕ, սրանից դուրս չենք մտածում։ Բայց եթե մեր ուղեղները ազատ ենք թողնում, հասկանում ենք՝ ինչ է կատարվում աշխարհակարգի հետ, հասկանում ենք, որ գրեթե բոլոր պետությունները անվտանգության հարցում դարձել են խիստ զգայուն և սկսել են առանձին անվտանգության ուղիներ որոնել։ Հայաստանը Հունաստանի հետ մեկ տարվա ռազմական համագործակցության պայմանագիր է ստորագրել, Ֆրանսիան, բացի ռազմականից, նաև քաղաքական աջակցություն է ցուցաբերում Հայաստանին, Թուրքիայի ագրեսիան Հունաստանի և Կիպրոսի դեմ արգելափակում է Ֆրանսիան։ Այսինքն՝ այս երեքի մեջ բլոկային տրամաբանություն կա։ Եվ շատ լավ է, որ իրենք այս երեքին ավելացնում են նաև Հնդկաստանը։ Սա օբյեկտիվ է։ Եթե սա ֆորմալ իմաստով բլոկ էլ չդառնա, հարաբերությունների տրամաբանությունը բլոկային է։  

- Իսկ Հնդկաստանը տեղավորվո՞ւմ է այս բլոկի մեջ։

- Տեղավորողից է։ Չխորանանք բլոկ տերմինի մեջ։ Հարաբերությունների փիլիսոփայությունը բլոկային է։ Հնդկաստանը շահագրգռվա՞ծ է, թե՞ ոչ։ Կարծում եմ՝ որոշակի իմաստով շահագրգռված է, բայց կմտնի՞ այդ սիստեմի մեջ՝ դժվարանում եմ ասել։ Բայց Հնդկաստանը շահագրգռված է։ Ինչի՞ համար է շահագրգռված՝ աշխարհագրության, այսինքն՝ միջազգային կապուղիների։ Հնդկաստանը շահագրգռված է, որ միջազգային կապուղիները մնան Հայաստանի վերահսկողության տակ։ Դրա համար ենթադրելի է, որ պետք է աջակցի մեզ և աջակցում է միջազգային իրավունքի շրջանակներում։ Ովքե՞ր են, որ շահագրգռված են Հայաստանի ինքնիշխանության պահպանությամբ։ Դա Ֆրանսիան է, և կարող ենք առանց պնդելու ասել, որ Ֆրանսիան դառնում է Հայաստանին  հովանավոր պետություն։ Ֆրանսիան էլ Հնդկաստանի հետ բավականին սերտ հարաբերություններ ունի։ Հնդկաստանը, հետևապես, կարող է լինել այս բլոկի մեջ։ Սա չեմ պնդում, բայց հնարավոր է, իսկ Հայաստան-Հունաստան-Ֆրանսիա՝ պնդում եմ։ Հնդկաստանը Հայաստանի հետ առանձին ռազմական համագործակցություն կունենա։ Իրենք ցանկանում են Մեղրիով կպնել Սև ծովին, Եվրոպային, և սա հիմք է տալիս մեզ մտածելու, որ Հնդկաստանը ևս Հայաստանի առողջությամբ հետաքրքրված պետություն է։ Մնացածը աշխատելու վրա է։ 

- Պարոն Սուքիասյան, հաշվի առնելով, որ ընթանում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացներ, իսկ այս բլոկը՝ Հայաստան-Հունաստան-Կիպրոս, ըստ էության, հակաթուրքական է, ինչպե՞ս սա կանդրադառնա այդ հարաբերությունների կարգավորման վրա։

- Հայաստան-Հունաստան-Ֆրանսիա։ Կիպրոսը, կարելի է ասել, ձեռքի հետ է։ Դա, իհարկե, կբարդացնի իրավիճակը, դա, իհարկե, Թուրքիայի համար հերթական պատրվակը կլինի չգալու մեզ հետ հարաբերությունների կարգավորման, բայց այլ կողմ էլ կա՝ ինչքան Հայաստանը թույլ եղավ, այնքան ավելի ոչ գրավիչ կլինի Թուրքիայի համար՝ մեզ հետ հարաբերությունների կարգավորման համար։ Մենք ենք հակված Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Պետք է լինենք օբյեկտիվ՝ թողնենք հայկական պոռոտախոսությունը։ Թուրքերը հետաքրքրված չեն մեզնով։ Իսկ եթե Հայաստանի Հանրապետությունը կարողանա որոշակի պոտենցիալ հավաքել, այլ բևեռների հետ հարաբերություններում կարողանա իր ռազմական, տնտեսական պոտենցիալը բարձրացնել և այդ բևեռների հետ գնալ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու՝ Թուրքիան կգա մեզ հետ հարաբերությունների կարգավորման։ Թույլ Հայաստանի հետ իրենք խնդիր չունեն։ Իսկ արդեն քիչ թե շատ դաշնակիցներով Հայաստանի հետ Թուրքիան ենթադրելի է, որ կգա հարաբերությունների կարգավորման։ Թույլ Հայաստանը ո՛չ աշխարհի համար է հետաքրքիր, ո՛չ Թուրքիայի։ Ուժեղ Հայաստանի պարագայում հավանականությունը, որ Թուրքիան կգա հարաբերությունների կարգավորման, ավելի շատ է։

- Հաշվի առնելով Իրանի հայտարարությունները, որ արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը չեն ընդունում, ինչպե՞ս կարող է այս համագործակցությանը արձագանքել Իրանը։

- Ես ողջունում եմ Իրանի հայտարարությունն ու առաջարկում եմ իրենց աշխատել Հայաստանի հետ և Հայաստան-Իրան մարմնում խցկված ռուսական արտատարածաշրջանային ներկայությունը Հայաստանից հանել։ Արտատարածաշրջանային պետություն Ռուսաստանն է։ Այստեղ այլ տարածաշրջանային ներկայություն չկա, որը Իրանի համար կարող է վտանգավոր լինել։ Այստեղ կան ԵՄ դիտորդներ, որոնք քաղաքացիական առաքելություն են իրականացնում ու Իրանին վտանգ չեն ներկայացնում։ Իհարկե, Իրանին հասկանալը դժվար է, որովհետև իրենք ունեն տասը հատ «այո», պետք է կարողանալ հասկանալ՝ որն է իրական «այո»-ն։ Եթե Իրանում անկեղծ են, ենթադրում եմ՝ անկեղծ են, ապա արտատարածաշրջանային ռազմական ներկայությունը այստեղ Ռուսաստանն է, և նա այստեղ Հայաստան-Իրան հարաբերությունների մեջ խցկված սեպ է ու վտանգավոր է։ Հայաստանի Հանրապետությունից սպառնալիք չկա Իրանի համար, ՀՀ-ում չկան արտատարածաշրջանային այլ դերակատարներ, որոնք սպառնալիք են Իրանի համար։ ՀՀ-ում ֆրանսիական կամ հունական զորքեր չկան։ Կարծես Իրանը շատ դեմ էլ չէ Ֆրանսիայի հետ մեր հարաբերություններին։ Եթե լինեին Հայաստան-ԱՄՆ հարաբերություններ, Իրանը միգուցե իրեն վատ դրսևորեր, իսկ Ֆրանսիայի դեպքում դեմ չէ։ Կարծում եմ՝ Ֆրանսիան Իրանի հետ կոնսենսուս ունի և աշխատում է Իրանի հետ։ Իրանը պետք է շահագրգռված լինի, որ Հայաստանի Հանրապետությունը իր պոտենցիալը վերականգնի, որը 100 տոկոսով Իրանի դեմ չէ, որովհետև եթե Իրան-Հայաստան սահմանում Ռուսաստանը խժդժություն արեց, Իրանի մուտքը դեպի Եվրոպա փակվում է։ ՀՀ-ն ընդհանրապես ո՛չ Իրանին, ո՛չ Թուրքիային սպառնալիք չէ, ինչքան ուզում է պոտենցիալ ունենանք։ ՀՀ-ն Թուրքիային սպառնալիք է մի պարագայում՝ եթե այստեղ կա ռուսական ռազմաբազա, որովհետև Թուրքիան Հայաստանին դիտարկում է որպես ՌԴ-ի համար ռազմական էքսպանսիայի տարածք։ Դրա համար ՀՀ-ն միշտ թիրախավորվել է Թուրքիայի կողմից։ Եթե այստեղ չլինի ռուսական զորք, Թուրքիայի վերաբերմունքը խիստ մեղմանալու է։ Իսկ քանի դեռ կա՝ Հայաստանը դառնում է Թուրքիայի համար թիրախավորված տարածք, որովհետև այս տարածքը Ռուսաստանի համար միշտ եղել է հարթակ՝ դեպի Արևելք թռիչքի համար։

- Վերադառնալով Հայաստան-Հունաստան-Ֆրանսիա համագործակցությանը կամ բլոկին՝ ինչպե՞ս կարձագանքի սրան Ռուսաստանը։

- Մենք միշտ մեր ճանապարհին կտեսնենք Ռուսաստանին, երբ փորձ անենք Հայաստանի անկախության համար ելքեր փնտրել։ Միշտ նրան կտեսնենք՝ կեղծ թեզերով, Ադրբեջանի հետ ներկայությամբ, իրենց 5-րդ շարասյունով և այլ այլանդակություններով։ Ռուսաստանը ամեն անգամ փորձելու է վնասել։ Հայաստանը պետք է չընկրկի, պետք է խելքով աշխատենք։ Ենթադրաբար ՀՀ իշխանությունը հաշվել է, որ պետք է Ռուսաստանից աստիճանաբա՛ր պոկվել։ Սա հիմա արդյունավետ ճանապարհ է։ Տեսեք՝ ՀՀ-ն զենքի գնումը Ռուսաստանից 90 տոկոսով կրճատել է։ Եվ տեսեք, որ այս ճանապարհը Հայաստանը անվտանգ է անցել։ Դա նշանակում է, որ այս աստիճանաբար պոկումը ինչ-որ իմաստով արդյունավետ է։ Այսինքն՝ երբ կա տեսակետ, որ պետք է վա-բանկ գնալ, այո՛, այդ տարբերակը պետք է գրպանում ունենալ, բայց շտամպով չէ, որ անպայման պետք է այսպես անել. պետք է խելքով աշխատել։ Այսօրվա քաղաքականությունը արդյունավետ է։ Կգա մի պահ, երբ այլևս անդարձ կլինի Ռուսաստանից պոկվելը։ Կգա մի պահ, երբ դուք կհասկանաք, որ արդեն պոկվել պրծել եք։ Հետևապես այս քաղաքականությունը պետք է շարունակվի, իշխանությունը որևէ կերպ պետք է չընկրկի և որևէ գայթակղություն պետք է չունենա՝ վերադառնալու ռուսական նախագծեր։ 
 
Վովա Հակոբյան