Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այն, ինչ մեր ինքնիշխան տարածքից դուրս է, պետք է դրանց մասով որոշումներ կայացնենք. Արսեն Թորոսյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին մեկնել էր Տավուշ՝ հանդիպելու բնակիչներին, տեղեկացնելու Տավուշի հատվածում սահմանազատում և սահմանագծում իրականացնելու մասին՝ դրանից բխող հետևանքները չեզոքացնելու և բնակիչների մտահոգություններին ծանոթանալու։ 

Այսօր Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց, որ կարևոր է սահմանազատման գործընթացը սկսելը՝ դա բխում է ՀՀ շահերից, նաև ասաց՝ սահմանազատումը կարող է ի վերջո հստակեցնել, թե որ քարտեզներով պետք է առաջնորդվել, ու տրամաբանությունը հուշում է, որ եթե մի տեղում սահմանազատումն իրականացվում է, դիցուք, 1974 թվականի քարտեզներով, ապա սահմանի մնացած հատվածները ևս պետք է այդ քարտեզով սահմանագծել։

Civic.am-ի եթերում պատգամավորն ասաց, որ չպետք է խնդիր տեսնել սահմանազատման գործընթացը սկսելու մեջ։
«Սահմանազատման ու սահմանագծման արդյունքում պետք է լինի իրավիճակ, որ հիմա, թեկուզ փոքր կտորի վրա, ապագայում ամբողջ սահմանի վրա կողմերը կանգնեն յուրաքանչյուրն իր տարածքում»,- ասաց պատգամավորը։
Նաև նշեց, որ վերջնական պայմանավորվածություն դեռ չկա, թե որ թվականի քարտեզներով պետք է իրականացվի սահմանազատումը, բայց դա կարևոր է ունենալ։ 

«Այդ քարտեզը այդ մի փոքր կտորին չի վերաբերելու։ Այն վերաբերելու է հայ-ադրբեջանական ամբողջ սահմանին։ Եվ եթե մի տեղ դա հիմք է հանդիսանում, տրամաբանորեն և նաև իրավաբանորեն պետք է հիմք հանդիսանա նաև մյուս հատվածներում»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի 29743 կմ քառակուսին ճանաչելու հարցին՝ Արսեն Թորոսյանն ասաց, որ միջնորդների հետ հանդիպումների ընթացքում այդ պայմանավորվածությունը ձեռք բերվել է և հայտարարվել, որը հետո ադրբեջանական կողմից չի հերքվել, և հայկական կողմի համար սկզբունքային է, որ երեք սկզբունքները՝ տարածքային ամբողջականություն, Ալմա-Աթայի հռչակագրով դելիմիտացիա և դեմարկացիա և կոմունիկացիաների ապաշրջափակումը՝ երկրների իրավազորության ներքո, լինի խաղաղության պայմանագրում։ 

Բացի դրանից՝ պատգամավորն ասաց, որ միջազգային հանրության կողմից ճանաչվել են Ադրբեջանի կողմից Հայաստանի օկուպացված տարածքները։

Թորոսյանն ասաց, որ Տավուշի հատվածում դեմարկացիան պետք է լինի երկկողմանի գործընթաց, հակառակ դեպքում դա չի լինի դեմարկացիա, այլ կստացվի այլ բան, որին հայկական կողմը դեմ է։

«Մենք ուզում ենք, որ լինի իսկական դեմարկացիա և դելիմիտացիա՝ այն քարտեզների հիման վրա, որոնք կան, վալիդ են, իրավական հիմք ունեն և կողմերի կողմից ընդունելի են։ Ամեն ինչ պետք է անենք թե՛ ուղիղ բանակցությունների ժամանակ, թե՛ մեր գործընկերներին դրա մասին տեղյակ պահելով, որ պրոցեսը պետք է հետևյալը լինի՝ պրոցեսի ընթացքում մենք պետք է որոշումներ կայացնենք։ Մենք չենք կարող ապրիորի որոշել, թե քանի որ այդ պրոցեսը ձախողվելու է, եկել չմտնենք դրա մեջ», - ասաց Թորոսյանն ու հավելեց. «Մեր շահերից է բխում սահմանազատումն ու սահմանագծումը և մեր անվտանգությունն ապահովելու համար է։ Մենք՝ մեր ինքնիշխան տարածքը իմանալով, պետք է այն պաշտպանենք ամեն կերպ, բայց այն, ինչ մեր ինքնիշխան տարածքից դուրս է, պետք է այդ մասով որոշումներ կայացնենք»։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական նոր ձևավորվող սահմանի երկայնքով ռուս խաղաղապահների տեղակայման հնարավորություններին կամ ռիսկերին՝ Թորոսյանն ասաց. «Կարծում եմ՝ խաղաղության գործընթացը նրա մասին է, որ նման կարիքներ չառաջանան։ Մենք պետք է շրջենք այն էջը, որ մեզ երկկողմանի հարաբերությունները կարգավորելու համար խաղաղապահներ, այն էլ՝ ռուս խաղաղապահներ են պետք»։ 
 
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան