Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի հարձակման անցնելու նախապատրաստությունը չեզոքացվեց ԵՄ դիտորդների շնորհիվ

«Բանակի փոփոխությունները արժեզրկող հայտարարություններ են անում։ Զինվորականների աշխատավարձերը անընդհատ բարձրացվում են»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով ԱԺ ընդդիմադիրների խոսքերին, թե զինվորականների աշխատավարձերը չեն բարձրացվում։

Արմեն Խաչատրյանը նշեց, որ տարիներ շարունակ ռազմական ինստիտուտ ավարտածները չունեին բավարար պրոֆեսիոնալիզմ. «Հիմա բազմաթիվ փոփոխություններ են արվել, ու Ակադեմիան ընդգրկվել է լավագույն 19 ռազմական ակադեմիաների ցանկում։

Ուսումնառության պրոցեսը բերվել է միջազգային մակարդակի վրա, ու կոչ եմ անում երիտասարդներին դիմել ու ընդունվել Ռազմական ակադեմիա»։

Դիտարկմանը, թե ընդդիմադիրները դժգոհ են նաև ԵՄ դիտորդներից, Խաչատրյանը ասաց. «ԵՄ դիտորդական առաքելությունից բողոքում են Ադրբեջանը, Ռուսաստանը ու մեր ընդդիմադիրները. հիմա հետևությունը արեք։ Այս փխրուն խաղաղությունը դիտորդների շնորհիվ է նաև, մի քանի օր  առաջվա Ադրբեջանի նախապատրաստական գործողությունները՝  ռազմական հարձակումների անցնել, չեզոքացվեցին ԵՄ դիտորդների շնորհիվ։ Մեր ընդդիմությունը գործում է այլ երկրների թելադրանքով ու շահերով»։
Ըստ Խաչատրյանի՝ խորհրդարանական ընդդիմությունը շահագրգռված է նրանով, որ ՀՀ-ում որոշակի քաղաքական պրոցեսներ, ցնցումներ գեներացնեն ու խաղաղության դեմ գործողություններ կատարեն, դրա համար էլ նրանք նաև առաջ են բերում ԼՂ-ի վտարանդի կառավարության հարց. «Չի կարող լինել վտարանդի կառավարություն, որի կառավարման օբյեկտը այլ վայրում է»։ 
 
Մանրամասները՝ տեսանյութում։ 
Դավիթ Լևոնյան