Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք ոչ մեկին ո՛չ հող ենք տվել, ո՛չ էլ պատրաստ ենք հող տալու. կոմբայնավարի կողմից սահմանը շփոթելուց հետո 2 կմ երկարությամբ տրակտորով փորել ենք. Ներսես Շադունց

Մենք ոչ մեկին ո՛չ հող ենք տվել, ո՛չ էլ պատրաստ ենք հող տալու. կոմբայնավարի կողմից սահմանը շփոթելուց հետո 2 կմ երկարությամբ տրակտորով փորել ենք. Ներսես Շադունց
Հասարակություն
18:02, 20 июль 2021
Սյունիքի մարզի Տեղ գյուղի սահմանային հատվածում երեկ կոմբայնավարը պատահմամբ հատել էր հայ-ադրբեջանական սահմանը։ Հայ դիրքապահների, ռուս սահմանապահների և համայնքի ղեկավարության ջանքերով կոմբայնավարը, ինչպես նաև կոմբայնը վերադարձվել են հայկական կողմին: 

Civic.am-ի հետ զրույցում Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը նշեց, որ նման միջադեպերը կանխելու նպատակով իր մասնակցութամբ հայ-ադրբեջանական սահմանին մոտ 2 կմ երկարությամբ ճանապարհը տեխնիկայով փորվել է, որպեսզի երկկողմանի տարանջատվեն տարածքները։ 

Ճանապարհը տեխնիկայով փորելու տեղեկատվությունը լայնորեն տարածվել է սոցիալական ցանցերում՝ շահարկվելով իբրև հողերը ադրբեջանական կողմին հանձնելու և սահմանագծման աշխատանք իրականացնելու քայլ։ 

«Մենք ոչ մեկին ո՛չ հող ենք տվել, ո՛չ էլ պատրաստ ենք հող տալու։ Մենք ուղղակի ըստ GPS-ի՝ դաշտի միջով սահմանը գծել ենք մոտավորապես 2 կմ երկարությամբ, որպեսզի այդ հատվածում գյուղացիներն աշխատանքներն անելիս չշփոթեն։  Դա արել ենք կոմբայնավարի կողմից սահմանը շփոթելուց հետո, հենց նույն օրը, երեք ժամ հետո։ Ինքը 10 մետր շփոթել էր, հիմա մենք այդ գիծը գծել ենք, որ այդ 10 մետրն էլ չշփոթեն»,- մեզ հետ զրույցում պարզաբանեց Ներսես Շադունցը։ 

Համայնքապետը պատմեց, որ գիծը գծելիս ադրբեջանցիներն էլ էին կանգնած, ռուսներն էլ, մեր բանակային կորպուսն էլ. «Ընդհանուր համաձայնության գալուց հետո ես տրակտոր եմ կանչել, գիծը գծել, որ աշխատանքներ անելուց չշփոթեն»։

Դիտարկմանը՝ խոսակցություններ են տարածվել, որ արդեն սահման եք գծել ու հողեր հանձնել՝ Ներսես Շադունցն արձագանքեց. «Ես սահման գծո՞ղ եմ, իրավասություն ունե՞մ սահման գծելու։ Դա գծել ենք, մինչև վերջնական սահմանազատման աշխատանքներն անենք։ Մեր տարածքից ոչ մի հող չի մնացել իրենց կողմում, կոմունիստական հասարակարգի տարիներին էլ է այդ տեղով անցել սահմանը»։