Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ռուս սահմանապահների տեղեկայման դեպքում հաղորդագրություն կտանք»․ ՊՆ-ն՝ գյուղացիների հետ սահմանային միջադեպերի մասին

«Ռուս սահմանապահների տեղեկայման դեպքում հաղորդագրություն կտանք»․ ՊՆ-ն՝ գյուղացիների հետ սահմանային միջադեպերի մասին
Հասարակություն
15:02, 29 июнь 2021
Օրերս Սյունիքի մարզի Տեղ համայնքում խոտ հնձող գյուղացիների ու Ադրբեջանի զինծառայողների միջև ծագած միջադեպը ադրբեջանական կողմի հերթական սադրանքներից էր։ Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Ադրբեջանի զինծառայողների կողմից հայկական տարբեր սահմանամերձ բնակավայերից անասունների գողությունը, հովիվների նկատմամբ ցուցաբերած ագրեսիան։ 

Civic.am-ը Պաշտպանության նախարարությունից հետաքրքրվեց, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկում նախարարությունը՝ նման միջադեպերը կանխելու համար։ ՊՆ-ից ասեցին, թե դա միայն ՊՆ-ի խնդիրը չէ՝ հիշատակելով Սյունիքի մարզի Տեղ գյուղի երկու բնակչի կողմից տրակտորներով՝ գյուղատնտեսական աշխատանք կատարելիս ադրբեջանական տարածքում հայտնվելու փաստը, որոնց հաջողվել էր հետ բերել։ «Այդ տարածքը միշտ եղել է իրենց տարածքը և հանգիստ գնացել՝ մտել են, որովհետև տեղեկացված չեն եղել, տեղանքը չեն պատկերացրել։ Նոր իրականություն է բոլորի համար, խնդիրը պետք է կամաց-կամաց կարգավորվի, բայց որևէ մեկը չի կարող ասել, որ ադրբեջանցիները սադրանքների չեն գնա»,-հավելեցին ՊՆ-ից։ 

«Տեղ համայնքում ադրբեջանցիները սահմանագծի երկայնքով ավարտել են ինժեներական աշխատանքները։ Եկած օրվանից ինտենսիվ սկսել են պաշտպանիչ խրամուղիների կառուցումը, բետոնից պատնեշներ են տեղադրել»,-այս մասին օրերս Tert․am-ի հետ զրույցում ասել էր Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը։

ՊՆ-ից, անդրադառնալով այս հրապարակմանը, նշեցին, որ Տեղ համայնքում ասվածը՝ իրենց տարածքում են ադրբեջանցիները շինարարական աշխատանքներ կատարել․ «Դա նոր ձևավորված սահմանի մասին է, ինչպես և մենք ենք նոր ձևավորված սահմանին ինժեներական աշխատանքներ կատարել։ Ադրբեջանցիներն իրենց հատվածում են փորձում շինարարական աշխատանքներ անել, մենք մեր կողմից ենք շինարարական աշխատանքներ կատարում։ Եթե դա մեր տարածքը լինի, օրինակ ոնց որ Կութի վերևն է՝ իրենք տրակտորը բերում են, որ գործողություն կատարեն, մենք փորձում ենք կանխել, իրենք դադարեցնում են»։ 

Նշենք, որ Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը մեզ հետ զրույցում Տեղ գյուղում խոտ հնձող գյուղացիների ու ադրբեջանցի զինծառայողների միջադեպին անդրադառնալով՝ ասել էր․ «Ադրբեջանի զինծառայողները, որ դիրքերից իջել են՝ դա չի նշանակում, որ եկել են մտել են մեր տարածքները, իրենց դիրքերը իրենց տարածքում բարձրունքների վրա են։ Իրենք իջել են, եկել են սահմանագծի վրա կանգնել՝ մերոնց էլ ասել՝ չհնձեք, այդ տարածքները մերն է։ Դա եղել է ամսի 26-ին։ Երեկ էլ գյուղացիներն առավոտ շուտ ինձ զանգել ասել են, ես էլ մեր բանակային կորպուսի հրամանատարին եմ դիմել, ինքը մարդ է ուղարկել՝ միասին գնացել ենք, այնտեղ կանգնել ենք, ժողովուրդը խոտը հավաքել են, տուկ են արել, բարձել ավտոն՝ գնացել։ Կրակոցի ձայներ չեն լսվել, փոխհրաձգություն չի եղել, առաջ չեն եկել»։ 

Պն-ից հետաքրքրվեցինք նաև ՝ Գեղարքունիքի ու Սյունիքի այն հատվածներում, որտեղ Ադրբեջանի զինծառայողներն առաջացել են՝ ինչ տեղաշարժեր են նկատվում, սակայն ՊՆ-ից փոխանցեցին, որ նոր տվյալներ չունեն՝ նույն վիճակն է․ «Քաղաքական որոշում պետք է լինի, որ սահմանապահներ տեղակայվեն։ Սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ լինի՝ նոր այդ խնդիրները լուծվեն։ Սահմանապահների տեղեկայման դեպքում հաղորդագրություն կտանք»։  

Հիշեցնենք, որ մայիսի 12-ից Ադրբեջանի զինծառայողները հատել են Հայաստանի պետական սահմանը՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի մի շարք բնակավայրերում և դիրքավորվել։ Խնդրի լուծամն համար հայկական կողմը ՌԴ-ի հետ բանակցություններ է սկսել։ Այս թեմայի վերաբրեյալ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ Հանրային հեռուստատեսության եթերում նշեց, որ միանշանակ է, որ ռուսական զորքերը կանգնելու են խորհրդային ժամանակաշրջանի սահմաններով և ադրբեջանցիները դուրս են գալու ՀՀ ինքնիշխան տարածքից։ Իսկ սահմանազատման և սահմանագծման աշխատանքներից հետո արդեն սահմանին կանգնելու են հայկական և ադրբեջանական սահմանապահ զորքերը։

Նարա Մարտիրոսյան