Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հացադուլի 27-րդ օրը մտել են խուց, հայհոյել և դաժան ծեծի ենթարկել կալանավորին․ իրավապաշտպան. տեսանյութ

Հացադուլի 27-րդ օրը մտել են խուց, հայհոյել և դաժան ծեծի ենթարկել կալանավորին․ իրավապաշտպան. տեսանյութ
Հասարակություն
11:23, 05 август 2021
Հունիսի 30-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող կալանավոր Կարեն Հովհաննիսյանը վկայություններ է տվել իրեն այցելության եկած իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանին: Նա պատմել է, որ «Նուբարաշենում», երբ հացադուլի մեջ է եղել, ամենօրյա ռեժիմով խոշտանգումների է ենթարկվել:

Կարեն Հովհաննիսյանը մեղադրվում է սպանության մեջ, նա չի ընդունում մեղադրանքը, հացադուլ է հայտարարել: 

«Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները մտնում էին նրա խուց և ծեծի ենթարկում: Հացադուլի 27-րդ օրը մտել են 6 հոգով, հայհոյել են, կալանավորը պատասխանել է նրանց, և սկսվել է սարսափելի ծեծը: Իսկ ո՞վ կարող է ծեծել կալանավորին, եթե այդպիսի թույլտվություն չունենա: Որևէ մեկը այդպիսի պատասխանատվություն չի վերցնի: Դա եղել է երկու տարի առաջ, այդ մասին չի բարձրաձայնվել, և դա բնական է, որ կալանավորը, որը ներսում է և իր հետ այդպես են վարվում, չի կարող բարձրաձայնել այդ մասին»,- այսօր Մեդիա կենտրոնում հրավիրված ասուլիսում նշեց տիկին Ալեքսանյանը։

Խոշտանգման ենթարկված մեղադրյալ Կարեն Հովհաննիսյանի փաստաբան Սարգիս Խաչատրյանի խոսքով՝ բժշկական փաստաթղթերով էլ փորձում են խոշտանգման հանգամանքը թաքցնել, ծածկադմփոց անել։

«Օրինակ՝ իր էպիկրիզի մեջ նշված է, որ գանգատները ի հայտ են եկել վերջին 10 օրերի ընթացքում ու նմանատիպ մի շարք հանգամանքներ, որտեղ նշված է, որ Կարեն Հովհաննիսյանը դուրս է գրվել լավացումով», - նշեց փաստաբանը, հավելելով, որ Հովհաննիսյանը նախկինում չի ունեցել լյարդի, ստամոքսի, շաքարային դիաբեդի խնդիր, որոնք առաջացել են շարունակաբար խոշտանգումների արդյունքում ստացած ինսուլտից հետո, սակայն հիվանդանոցում կեղծում են փաստաթղթերը։


Մանրամասները՝ տեսանյութում: