Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պլանավորել էր ներմուծել լվացքի փոշու դատարկ տոպրակներ, որոնցով պետք է փաթեթավորվեին անհայտ ծագմամբ փոշիներ և վաճառվեին․ ՊԵԿ․ Տեսանյութ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունն
իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում բացահայտել է
կեղծարարության հերթական դեպքը:

ՊԵԿ-ը օրենքով վերապահված գործառույթների շրջանակներում իրականացվող վարչարարական գործիքների,
հարկային և մաքսային հսկողությանը զուգահեռ, նաև որպես իրավապահ մարմին, ամենօրյա միջոցառումներ է
իրականացնում հարկային և մաքսային իրավախախտումների և հանցագործությունների կանխման, խափանման ու
բացահայտման ուղղությամբ։

Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն պարբերաբար ստացվում են օպերատիվ
տվյալներ, որ տարբեր ֆիզիկական անձինք և որոշ կազմակերպությունների իրական կամ փաստացի շահառուներ
հարկեր չվճարելու ուղղակի դիտավորությամբ՝ նախօրոք մշակում են հանցավոր մեխանիզմներ և փորձում իրացնել
դրանք։ Մասնավորապես՝ օպերատիվ տվյալներն իրացնելիս հայտնի է դարձել, որ անհատ ձեռնարկատեր Ա. Կ.-ն
Ռուսաստանի Դաշնությունից նախօրոք պլանավորել էր ներմուծել լվացքի փոշու դատարկ պոլիէթիլենային
տոպրակների խոշոր խմբաքանակ, որոնցով պետք է փաթեթավորվեին անհայտ ծագմամբ լվացքի փոշիներ և
վերավաճառվեին ՀՀ տարածքում:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում ՊԵԿ աշխատակիցների օպերատիվ
վերահսկողության ներքո ներմուծված ապրանքները մաքսային հսկողության տարածքից տեղափոխվել են Երևանում
գործող տոնավաճառներից մեկի տարածք: Այդտեղից էլ մատակարարվել են Երևանի հասցեներից մեկով, որտեղ
ձեռնարկատիրական գործունեությամբ էր զբաղվում ոմն Շ. Ա.- ն:

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների անհետաձգելի
գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված հասցեում կազմակերպվում էր լվացքի փոշու արտադրություն:

Իսկ Ռուսաստանի Դաշնությունից ներմուծված հայտնի ապրանքանիշի լվացքի փոշու 30.100 հատ 9 կգ-անոց
դատարկ պոլիէթիլենային պարկերով պլանավորվել էր փաթեթավորել և վաճառել շուրջ 270 տոննա քաշով կեղծ
լվացքի փոշի։ Դեպքի վայրի զննությամբ առգրավվել են վերը նշված տոպրակների խմբաքանակը, ինչպես նաև՝ ևս 2
հայտնի այլ ապրանքանիշերի տոպրակներով արդեն իսկ փաթեթավորված լվացքի կեղծ փոշիներ:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ, ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության
վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 212 հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշներով հարուցվել է
քրեական գործ:

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հետևողականություն է դրսևորելու
նման երևույթները կանխարգելելու և բացահայտելու գործում` լինելով անզիջում: