Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ո՞վ պիտի վճարի Covid թեստի համար, աշխատո՞ղը, թե գործատուն․ պատգամավորը՝ նախարարին․ Տեսանյութ

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր՝ սեպտեմբերի 15-ին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հարց ուղղեց կառավարությանը՝ խոսելով պատվաստումների ու աշխատողներին պարտադրված թեստավորման ուղարկելու խնդրի մասին։

«Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում Առողջապահության նախարարի հրամանը, ըստ որի Covid-19-ի դեմ պատվաստում չստացած աշխատողները պետք է ամիսը երկու անգամ պարտադիր թեստ հանձնեն, հակառակ պարագայում կա՛մ նրանք կկորցնեն իրենց աշխատանքը, կա՛մ նրանց գործատուները կտուգանվեն։ Փաստորեն նորից ժամանակն անցնում է, այս անգամ էլ պատվաստման գործընթացը, մեղմ ասած, չի հաջողվում և կառավարությունը որոշել է այս անգամ էլ խնդիրը գցել իր ուսերից ու տեղափոխել գործատու-աշխատող տիրույթ։

Հիմա հարցեր․ սա աշխատողի պարտադիր զննությու՞ն է, դրա որևէ տարատեսակ, որը հստակ կարգավորված է Աշխատանքային օրենսգրքով, ի դեպ, որի ենթակա աշխատողների ցանկը պետք է բխի Աշխատանքային օրենսգրքի 249 հոդվածից, որտեղ որևէ պահանջ պատվաստման վերաբերյալ չկա, ընդ որում այդ ցանկը պետք է սահմանի և սահմանել է ՀՀ կառավարությունը։

Երկրորդ՝ ո՞վ պիտի վճարի թեստի համար, աշխատո՞ղը, թե գործատուն։ Եթե այդքան կարևոր խնդիր է, հանրային առողջության խնդիր է դրված լուծման, ինչու՞ պետությունը վճարմանը մասնակցություն չունի՝ ամբողջությամբ կամ մասնակի։

Ինչու՞ է պետությունը խրախուսելու, իրազեկելու փոխարեն կիրառում հարկադրանքի միջոցներ՝ նոր խնդիրներ ու վեճի առարկա բերելով, ստեղծելով աշխատանքային հարաբերություններում»,-ասաց նա։

Հարցին պատասխանեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում