Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պատվաստումն ընդամենը նպաստում է հակամարմինների արտադրությանն ու օրգանիզմին պատրաստում իրական վիրուսի հետ հանդիպման». Սամվել Հայրումյան

«Պատվաստումն ընդամենը նպաստում է հակամարմինների արտադրությանն ու օրգանիզմին պատրաստում իրական վիրուսի հետ հանդիպման». Սամվել Հայրումյան
Հասարակություն
13:49, 25 октябрь 2021
Կորոնավիրուսի ամեն հաջորդ ալիք ավելի ծանր է ընթանում: «Դելտա» շտամը ավելի մեծ վարակելիություն ունի, նույնիսկ երեխաների մոտ է ծանր ընթանում: «Հետքովիդյան բարդություններ. ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը հոգեկան առողջության վրա» թեմայով քննարկման ժամանակ այս մասին նշեց առողջապահության նախարարության ընտանեկան բժշկության հարցերով խորհրդատու Սամվել Հայրումյանը՝ հավելելով, որ ԱՄՆ-ում, բացի այն բանից, որ 12 տարեկանից պատվաստում են, նաև համապատասխան մարմինները դիմել են կառավարությանը, որպեսզի 5-11 տարեկանների պատվաստումը նույնպես հաստատվի: 

Հայրումյանը տեղեկացրեց, որ հետքովիդյան հաճախ հանդիպող բարդությունների վերաբերյալ արդեն կան որոշակի հետազոտություններ: Օրինակ՝ Իսրայելում կատարված հետազոտության արդյունքում պարզվել է, որ երեխաների մոտ 6 ամսից ավելի որոշակի հետևանքներ շարունակվել են՝ թուլություն, գլխացավեր, հոդացավեր: Մինչև 12 տարեկանների մոտ ավելի քիչ են եղել այդ հետևանքները, քան 12-18 տարեկանների։ Ու եթե նույնիսկ անախտանիշ է ընթացել հիվանդությունը, մարդկանց 3.4 տոկոսի մոտ եղել են հետքովիդային գանգատներ՝ 6 ամիս և ավելի տևողությամբ։ 

Անդրադառնալով պատվաստմանը՝ Հայրումյանն ընդգծեց, որ աշխարհում համապատասխան մասնագետներն ապացուցել են, որ պատվաստումները չբերություն չեն առաջացնում, դա միֆերից մեկն է. «Ամբողջ աշխարհում՝ այն երկրներում, որտեղ ավելի շուտ են սկսել պատվաստումները, 100.000-ավոր մարդիկ կան, ովքեր պատվաստվել են և դրանից հետո բարեհաջող հղիացել և ծննդաբերել։ Մասնագետները հստակ ապացուցել են, որ որևէ աղերս չկա իրականության հետ, որ պատվաստումը կարող է բերել չբերության»։ 

Նա նաև հավելեց, որ պատվաստումները չեն կարող առաջացնել հիվանդություններ: Քովիդ-19-ի դեմ ստեղծված որևէ պատվաստանյութ չի պարունակում կենդանի վիրուս և, հետևաբար, չի կարող առաջացնել հիվանդություն։ 

«Այն ընդամենը նպաստում է հակամարմինների արտադրությանը և պատրաստում է օրգանիզմին իրական վիրուսի հետ հանդիպման։ Նույն միֆերից է, թե իմունիտետը թուլացնում է պատվաստումը, բայց այդպիսի բան չկա, քանի որ ընդամենը անտիգեն է ներարկվում, որը նպաստում է հակամարմինների ավելացմանը»,- նշեց պարոն Հայրումյանը։

Մասնագետն անդրադարձավ նաև այն խնդրին, թե քովիդից բուժված մարդկանց մոտ ինչ նոր առողջական խնդիրներ կարող են առաջանալ: 

«Օրինակ՝ վերապրածների մոտ տարբեր ուղղություններով կարող են խնդիրներ առաջանալ։ Հաճախ հանդիպող խնդիրներից է շաքարային դիաբետը։ Մի մասի մոտ հենց ինքը վիրուսը նպաստում է, որ առաջանան որոշակի աուտոիմուն պրոցեսներ ենթաստամոքսային գեղձի համապատասխան բջիջների հանդեպ, որոնք արտադրում են ինսուլին։ Արդյունքում հենց վիրուսով վարակվելը նպաստում է հետագայում դիաբետի առաջացմանը»,- նշեց նա։

Մասնագետի խոսքով՝ քովիդով  ծանր հիվանդները, որոնք վերակենդանացման բաժանմունքներում են և թթվածնի կարիք ունեն, նրանց նշանակվում է Դեքսամետազոն, որն այս իրավիճակում շատ օգտակար ազդեցություն ունի՝ աուտոիմուն պրոցեսներն ընկճելու համար, սակայն հետագայում կարող է նպաստել դիաբետի առաջացմանը։ Կարող է նաև առաջանալ մակերիկամային անբավարարություն։