Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«էս քաղաքը անտեր եղել է, անտեր էլ կա»․ Վեդիի շենքերից մեկում 1 տարի առաջ նորոգած տանիքից անձրևաջրեր են լցվում բնակարաններ. քաղաքապետարանը միջոցներ չի ձեռնարկում

«էս քաղաքը անտեր եղել է, անտեր էլ կա»․ Վեդիի շենքերից մեկում 1 տարի առաջ նորոգած տանիքից անձրևաջրեր են լցվում բնակարաններ. քաղաքապետարանը միջոցներ չի ձեռնարկում
Հասարակություն
19:20, 02 ноябрь 2021
«Մեկ տարի առաջ մեր շենքի հին տանիքը փոխեցին, նոր տանիք սարքեցին, ուրախացանք, բայց որ տանիքը վերցրել էին վրայից, էնպես ջարդուխուրդով էին փոխել, որ շենքի ամեն անկյունից երկու հատ ամբողջական քար հանել են, որի վրա շենքի էդ բալկաներն են նստած եղել, և տանիքը իբրև թե սարքելուց հետո անցքեր են թողել, որտեղից իմ տուն ջուր է լցվում»,- այս մասին Civic.am-ին հայտնեց Արարատի մարզի Վեդի քաղաքի Գայի փողոցի 5-րդ շենքի բնակչուհի Սուսաննա Եղյանը։

Տիկին Սուսաննայի խոսքով՝ ամբողջ շենքի ծածկն անհաջող են սարքել, ինչի մասին ինքն ահազանգել է, և  ամեն անգամ մի 3-4 հոգով եկել նայել են, բայց հարցը չի լուծվել։ Այդպիսի խնդրի առաջ են կանգնած եղել նաև իր հարևանները, որոնք, սակայն, արհեստավորներ են և ինչ-որ ձևով այդ հարցը լուծել են։

«Հիմա իրենց գործն է, որ անորակ են արել, խոստացան, գնացին ու չսարքեցին։ Սկզբում բողոքել եմ այդ կազմակերպությանը, որը տենդեր է շահել, իբրև թե իմ նախկին աշակերտներից  է, դիմեցի մարզպետարան՝ չեկան, վեր կացա գնացի մարզպետարան՝ մարզպետի խորհրդականը իր մեքենայով հետ բերեց և ասաց, որ ինքն անձամբ կգա, կմտնի  քաղաքապետարան, ինչ պետքն է՝ կասի, կանեն, բայց նրա ասելուց հետո էլ ոչ եկան, ոչ մի բան էլ չարեցին»,- ասաց Սուսաննա Եղյանը։ 
 
Վերջինս նշեց, որ հիմա իր տան պատերի վրա անցք է բացվել, ամբողջ միջանցքը, խոհանոցը, պատշգամբը թրջվում է, ինքը միայնակ է ապրում, և իր տանիքը մնացել է առանց նորոգման։

Նրա խոսքով՝ Վեդիի քաղաքապետը նույնպես իր նախկին աշակերտն է եղել, բայց իրեն տանել չի կարողանում, քանի որ նրա ճակատին է ասում ամեն ինչ։

Այնուհետև տիկին Սուսաննան փորձել է թաղային ոստիկանին տեղեկացնել, սակայն նրան ասել են, որ թաղայինը տանիքի հարցերով չի զբաղվում։  

«Ես չգիտեմ՝ էլ ում կարելի է ասել, էս քաղաքը անտեր եղել է, անտեր էլ կա, առավել ևս իմ հետևից ընկած են՝ 15-16 տարի է։ Ես ՀՀԿ-ական չդարձա, ոչ էլ իրենց գովքն արեցի, ոչ իրենց քարոզարշավին մասնակցեցի, ոչ իրենց ուղարկած նվերներն ընդունեցի, ոչ մի ձևով ես չմտա իրենց շարքերը, ու տենց կառավարական մասշտաբով՝ կրթոլորտում, Երևանից սկսած, ընկած են իմ հետևից։ Ստեղ անունս լսել չի ուզում այդ քաղաքապետարանի կազմը։ Ես միայնակ թոշակառու եմ,  45 տարվա մանկավարժական ստաժ ունեմ։ Ինձ անհիմն աշխատանքից ազատել են, ուղարկել են ատեստացիայի, գերազանց գնահատականով եկել եմ, արդեն ազատմանս  հրամանը կար։ Որ հետդ լարվում են, ոչ մի դուռ ստեղ քո առաջ չի բացվում։ Իրենք պարտավոր էին տանիքը նորմալ սարքել»,- ասաց Սուսաննա Եղյանը։