Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միջադեպից հետո ռուս խաղաղապահները ձերբակալում են ադրբեջանցիների ուղղությամբ նռնակ նետած քաղաքացուն

Քաղաքագետ Մովսես Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ու տեսանյութ է հրապարակել:

«Միջադեպից հետո ռուս խաղաղապահները ձերբակալում են ադրբեջանցիների ուղղությամբ նռնակ նետած քաղաքացուն։ Հուսամ` նույն հետևողականությամբ ռուս խաղաղապահները կբացահայտեն, ձերբակալել կտան ու կհետևեն, որ պատիժը կրի` նաև օրեր առաջ հայ քաղաքացուն սպանած ադրբեջանցին»,- գրել է նա:

Ինչպես ավելի վաղ իրազեկել էինք, Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը այսօր մի քանի ժամ երկկողմանի փակ է եղել: ԱՀ ներքին գործերի նախարարության տեղեկացմամբ՝ հայկական և ադրբեջանական կողմերի միջև միջադեպ է տեղի ունեցել:

Համացանցում լուրեր են շրջանառվում, որ մայիսի 8-ին ադրբեջանցու կողմից սպանված Մարտիկի  եղբայրը տաքսիով մոտեցել է ադրբեջանական հենակետին և նռնակ է նետել ադրբեջանցիների ուղղությամբ, ինչին հաջորդել են կրակոցները՝ հայկական քաղաքացիական մեքենայի ուղղությամբ: Նշվում է, որ նետված նռնակը, ամենայն հավանականությամբ, ուսումնական է:

Դեպքից անմիջապես հետո մոտենում են ռուս խաղաղապահներն ու ձերբակալում արցախցի տղամարդուն: Միջադեպի մանրամասների մասին պաշտոնական տեղեկատվություն առայժմ չկա: Այժմ արդեն ճանապարհը բաց է:

Ազատ ու անվտանգ երթևեկը կապահովի ռուսական խաղաղապահ զորակազմը: