Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Յուրաքանչյուր կին իրեն պետք է յուրահատուկ զգա». կանայք կանանց տոնին ներկայացրել են իրենց ստեղծագործ աշխատանքները. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

«Յուրաքանչյուր կին իրեն պետք է յուրահատուկ զգա». կանայք կանանց տոնին ներկայացրել են իրենց ստեղծագործ աշխատանքները. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Հասարակություն / Մշակույթ
18:33, 08 март 2021
Ձեռներեց ու արվեստագետ կանայք այսօր` մարտի 8-ին` Կանանց միջազգային տոնի կապակցությամբ, իրենց ստեղծագործ աշխատանքներն էին ներկայացնում «Հոդված 3»  ակումբում:

Տաղավարները բազմաթիվ էին և հագեցած տարբեր ձեռագործ ապրանքներով` հագուստ, պայուսակ, զարդեր, սնունդ: Կանայք ներկայացրել էին իրենց ստեղծագործ կարողությունն ու ստեղծագործության մեջ կանացի սկիզբը:

Civic.am-ի հետ զրույցում հագուստի մոդելավորող, դիզայներ, «Ոզնի» բրենդի հիմնադիր Սաթի Սարգսյանը ներկայացնելով իր ձեռագործ պայուսակները` նշեց, որ 2018թ.-ից սկսել է պայուսակների իր առաջին շարքը, որոնք պարտաստում է վուշի թելերով. «Պայուսակների էկո շարք եմ իրականացնում, բոլոր պայուսակները արտաքինից հուլունքագործ են, օգտագործում եմ վզոցներ, փայտե հաշվիչ մեքենայի ուլունքներ, կաշվե փոխարինիչ»:

Սաթի Սարգսյանի պատրաստած պայուսակները հնարավոր է օգտագործել տարվա տարբեր եղանակներին` նա վստահեցրեց, որ մշակումն այնպիսին է, որ ձյունն ու անձրևը  պայուսակները չեն կլանում. «Լվանալուց խորհուրդ եմ տալիս թեթև փրփուրով լվանան: Աշխատում եմ անհատական պատվերներով, յուրաքանչյուր օրինակից մեկական եմ պատրաստում, որ յուրաքանչյուր կին իրեն յուրահատուկ զգա»: 

«Ոզնի» բրենդի հիմնադիրը նշեց, որ պայուսակների վաճառքն իրականացնում է Ֆեյսբուքի և Ինստագրամի էջերով. «Համավարակի շրջանում վաճառքը նվազեց, բայց ընդհանուր առմամբ հիմա մարդիկ նախընտրում են հայկական արտադրության ապրանքները»: 

Սաթի Սարգսյանն ավարտել է Ֆրանս-հայկական ուսումնական կենտրոնը: 

«Շամշիկ» նորաձևության տան հիմնադիր Աննա Ավետիսյանն էլ ցուցահանդես-վաճառքին ներկայացել էր իր ստեղծագործ հագուստի հավաքածով:  Աննա Ավետիսյանը պատմեց, որ իր նորաձևության տունը գործում է 2015թ-ից, մոդելավորում են ժամանակակից հագուստ` ազգային մոտիվներով. «Ներկայացնում եմ ժամանակակից հագուստ ազգային զարդանախշերով: Հիմա Շուշիի գորգերի զարդանախշերով հավաքածու եմ ստեղծել: Ուսանողական տարիներից հետաքրքրված եմ տարազներով, գորգերի զարդանախշերով, ասեղնագործությամբ: Նորաձևության տունը հիմնել եմ եղբորս հետ միասին»: 

Աննա Ավետիսյանը Մանկավարաժական համալսարանի կիրառական արվեստի բաժինն է ավարտել, ապա ուսումը շարունակել է Մեսրոպ Մաշտոցի համալսարանում` որպես հագուստի մոդելավորող, դիզայներ. «Մեր կենտրոնում ցանկացած տեսակի հագուստի պատվերներ ենք վերցնում: Վերջին տարիներին մեր քաղաքացիները շատ են հետաքրքրվում հայկական արտադրանքով: Նաև հարսանեկան զգեստների պատվերներ եմ վերցնում`տարազային ձևերով: Զույգերը գալիս են, ասում են իրենց արմատները որտեղից են` օրինակ եթե տղան Սասունից է, իսկ աղջիկը Արցախից` ապա այդ մոտիվներով հարսանեկան հագուստ ենք կարում»:

Ցուցահանդես-վաճառքին իրենց ձեռագործ իրերն էին ցուցադրում նաև արցախցի կանայք, որոնք հենց այդ նպատակով էին Արցախից եկել:
Բեգլարյան Գայանեն հենց այսօր է Ստեփանակերտից եկել Երևան` ցուցադրելու իր ձեռքի աշխատանքները: Գայանեի տաղավարում ներկայացված էին իր պատրաստած դրոշները, արցախյան ոճով պայուսակներ, ինչպես նաև կարպետից հայկական այբուբեն ու տարբեր զարդանախշերով թևնոցներ: Մեզ հետ զրույցում արցախցի կինը նշեց, որ իր ձեռագործ աշխատանքները վաճառում է Արցախում` դրանք տրամադրելով խանութներին, իսկ գնորդները հիմնականում զբոսաշրջիիկներն են:
 
Նարա Մարտիրոսյան