Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երիտասարդները կներգրավվեն քաղաքային կառավարմանը

Երիտասարդները կներգրավվեն քաղաքային կառավարմանը
Հասարակություն
22:31, 10 март 2021
Տարբեր մասնագիտություններ ու հետաքրքրություններ ունեցող 20 երիտասարդ կմիավորի ուժերը՝ Երևանում երիտասարդական նոր ծրագրեր ու գաղափարներ իրագործելու նպատակով: Երևանի քաղաքապետին կից նոր ձևավորված երիտասարդության հարցերի խորհուրդը սկսում է գործունությունը: 
 
«Այս խորհուրդը կարող է խնդիրներին այնպիսի նոր, ստեղծագործական և երիտասարդական լուծումներ առաջարկել, որ նույնիսկ փորձառու մասնագետները չկարողնան հանգել դրանց»,-նշել է քաղաքապետ Հայկ Մարությանը:
 
«Նախորդ տարի ավագանու որոշմամբ ձևավորվեց քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհուրդը: Հիմնական նպատակն էր հավաքել լավագույն փորձագետներին և մշակել այս ոլորտում քաղաքականություն, ինչպես նաև խորհրդատվություն տրամադրել քաղաքապետին, թե ի՞նչ ծրագրեր կարող է քաղաքն իրականացնել: Մեզ մոտ նման մեխանիզմներ չեն եղել»,- ընդգծում է Երևանի ավագանու և խորհրդի անդամ Գրիգոր Երիցյանը:
 
Շուրջ 100 դիմորդներից մրցութով ընտրվեցին հենց ուսանողական ու երիտասարդական կազմակերպությունների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ ու պարզապես քաղաքը սիրող, նոր գաղափարներով երիտասարդներ: Խորհուրդը կլինի բացառապես մասնագիտական ու ապաքաղաքական:
 
Առաջին հանդիպումից երիտասարդները ոգևորված էին և տպավորված: Արդեն իսկ մտածում են առաջիկա նախագծերի մասին. 2021թ. անելիքները շատ են:
 
«Այս ամենի ամբողջ նպատակն այն է, որպեսզի մայրաքաղաքի երիտասարդության ձայնը լսելի լինի որոշումների կայացման գործում: Հույս ունեմ՝ խորհուրդը հերթական խորհրդատվական մարմինը չի լինի, այլ կլինի ակտիվ, և մեր քաղաքում ինչ-որ բան կփոխվի դեպի դրականը»,-ասել է Գրիգոր Երիցյանը:
 
Երևանի հանդեպ սերը, պատասխանատվությունն ու քաղաքին ձեռք մեկնելու ցանկությամբ համախմբած նոր կառույցի անդամները վստահ են՝ խորհուրդը կդառնա մեկ ընտանիք, որն աշխուժորեն կմասնակցի քաղաքի կառավարմանը: