Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գյումրիում դանահակարել են սրճարանատերերից մեկի որդուն ու հարսին․ կտրել մատների ջլերը, Aravot.am

Գյումրիում դանահակարել են սրճարանատերերից մեկի որդուն ու հարսին․ կտրել մատների ջլերը, Aravot.am
Հասարակություն
13:23, 12 март 2021
Նախորդ օրը Գյումրիում երեկոյան ուշ ժամի իրենց իսկ բնակարանի մեջ դանակահարել են Անի թաղամասում գործող սրճարաններից մեկի տիրոջ որդուն ու հարսին։ Նրանց տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն։

Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը, նախորդ օրը 1981 թվականին ծնված երիտասարդին տեղափոխել են հիվանդանոց՝ որովայնի ու կրծքավանդակ կտրած-ծակած, թափանցող վերքերով։ Նա վիրահատության է ենթարկվել, գտնվում է վիրաբուժական բաժանմունքում, վիճակը կայուն է։ Նրա կինը՝ ծնված 1986 թվականին, հիվանդանոց է տեղափոխվել ձախ վերին վերջույթի բազմակի կտրած ծակած վերքերով, երկրորդ-երրորդ մատների ծալիչ-ջլերի վնասմամբ։ Կնոջը տեղափոխել են մայրաքաղաք՝ միկրովիրաբույժի հսկողության տակ։

Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրգործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), որոշում է կայացվել անձին տուժող ճանաչելու մասին։

Այս պահին դեռ կասկածյալ չկա։ Դատախազի տեղեկացմամբ՝ կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ, ձեռնարկվում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ։