Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում առողջապահական ծառայություններն անվճար են դարձել, ուսուցիչների աշխատավարձը բարձրացել է․ Արտակ Բեգլարյանը ներկայացնում է բաերփոխումները

Արցախում առողջապահական ծառայություններն անվճար են դարձել, ուսուցիչների աշխատավարձը բարձրացել է․ Արտակ Բեգլարյանը ներկայացնում է բաերփոխումները
Հասարակություն
12:16, 18 январь 2022
«Պատերազմի հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրի շրջանակներում բավական աշխատանք է կատարվել։ Արցախի ներդրումային հիմնադրամն ստացել է 46․956 հայտ, որից 8․250 հայտն արդեն բավարարվել է, ավելի քան 10 մլրդ դրամի շրջանակներում»,-այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։ 

Պետական նախարարի խոսքով՝ պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության ծրագրով շրջանակներում էլ 9.300 հայտ է ստացվել․ «Հունվարի 1-ի դրությամբ 1.349 հայտ արդեն բավարարվել է՝ 6 մլրդ 722 մլն դրամի չափով»։

Պատերազմի հետևանքով պայմանավորված հաջորդ ծրագիրը՝ բնակարանային ծրագիրն է։ Արտակ Բեգլարյանը նշեց, որ զոհված, անհայտ բացակայող ճանաչված, առաջին կարգի անժամկետ հաշմանդամ և անօթևան քաղաքացիների համար բնակարանային ծրագիրն արդեն մեկնարկել է։

«Պետական նախարարը համակարգում է առողջապահության, աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և արդարադատության նախարարությունը։ Անմիջական ղեկավարման տակ են գտնվում բնակարանային հարցերի և  բնապահպանության կոմիտեն»,- հիշատակեց Արտակ Բեգլարյանն ու ընդգծեց, որ այս տարի առողջապահական համակարգի բյուջեն ավելացել է 23,6 տոկոսով, իսկ հունվարի 1-ից ամբողջությամբ անվճար է դարձել առողջապահությունը, այսինքն վճարովի որևէ ծառայություն չկա եթե բժշկական ցուցում կա։ 

«Կրթության ոլորտում բյուջեն ավելացել է 17,6 տոկոսով, որով նախատեսվել է նաև ուսուցիչների և ընդհանրապես կրթության, մշակույթի, սպորտի ու գիտության ոլորտի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում՝ միջինը 20 տոկոսով։ 2021թ․ 14 դպրոց անցել է երկարօրյա ռեժիմի, այս տարի ևս 34 դպրոց կանցնի այդ ռեժիմին»,-ներկայացրեց Արտակ Բեգլարյանը ու նշեց, որ այս տարվա սեպտեմբերին Արցախում կհիմնեն Անանիա Շիրակացի միջազգային կրթահամալիր, որը Երևանում գործող կրթահամալիրի մասնաճյուղն է լինելու և իրենց ուղիղ կառավարման տակ է լինելու։ 

«Կենսաթոշակներն ու պետական նպաստները բարձրացել են միջինը 20 տոկոսով։ Պետական նվազագույն թոշակը 2022թ․հաստատվել է 34300 ՀՀ դրամ։ Արցախի շրջաններում և Ստեփանակերտում ներդրվել է սոցիալական աշխատողի ինստիտուտը։ Սոցիալական աշխատողի գործառույթը լինելու է խնդիրների վերհանումը և սոցիալական խնդիր ունեցող ընտանիքների և անձանց կարիքների վերհանումն ու բավարարումը։ Աջակցությունը կարող է լինել և նյութական և սոցիալ հոգեբանական»,-ասաց պետական նախարարն անդրադառնալով սոցիալական ոլորտին։ 

Ինչ վերաբերում է պատերազմի հետևանքով տեղահանվածների կարգավիճակին՝ Արտակ Բեգլարյանը նշեց, որ կարգավիճակի հարցի լուծումը, նախագծերի տեսքով, ընթացքի մեջ է։