Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինայում ՀՀ քաղաքացիները կարողանում են հատել Մոլդովայի սահմանն առանց վիզայի ու տեղափոխվել Հայաստան

Ուկրաինայում ՀՀ քաղաքացիները կարողանում են հատել Մոլդովայի սահմանն  առանց վիզայի ու տեղափոխվել Հայաստան
Հասարակություն
12:44, 24 февраль 2022
Այսօր վաղ առավոտյան  Ռուսաստանի Դաշնությունը հատուկ ռազմական գործողություններ է սկսել Դոնբասում: Եվ թեպետ Ուկրաինայից դեպի դուրս օդանավակայանները չեն աշխատում՝ մարդկանց տարհանումը կազմակերպելու համար, այնուամենայնիվ, Civic.am-ի տեղեկություններով, բաց է Մոլդովայի հետ սահմանը, և ՀՀ քաղաքացիները կարողանում են հատել սահմանն առանց վիզայի ու տեղափոխվել Հայաստան կամ այն երկիր, որը նախընտրում են: 
 
Մենք կապ հաստատեցինք Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանի հետ՝ տեղեկություն ստանալու համար: Պարոն Կարապետյանն ընդգծեց, որ դեսպանությունն աշխատում է սովորական ռեժիմով և ՀՀ քաղաքացիներից բազմաթիվ զանգեր է ստանում. «Պատասխանում ենք բոլոր հարցերին, տրամադրում ենք անհրաժեշտ խորհրդատվություն, օգնում ենք նաև ինդիվիդուալ խնդրանքների պարագայում»:  

Նշենք, որ առավոտյան 05:50-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձ հղեց Ռուսաստանի քաղաքացիներին՝ նշելով, որ Դոնբասի ժողովրդական հանրապետությունները դիմել են Ռուսաստանին՝ օգնության խնդրանքով, և ռազմական հատուկ գործողության նպատակը մարդկանց, այդ թվում՝ ՌԴ քաղաքացիների պաշտպանությունն է, որոնք 8 տարվա ընթացքում Կիևի ռեժիմի կողմից ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: ՌԴ նախագահն իր խոսքում ընդգծել է, որ Մոսկվայի նպատակը Ուկրաինան օկուպացնելը չէ, այլ Ուկրաինայի դեմիլիտարիզացիան և դենացիֆիկացիան:  

Ռուսաստանի կողմից ռազմական գործողություններն սկսելուց հետո Ուկրաինան փակեց օդային տարածքը քաղաքացիական ինքնաթիռների համար: Այս մասին հայտնել են  «Ուկրաէրորուխա»-ի մամուլի ծառայությունից։

Նարա Մարտիրոսյան