Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մասնակցել է «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությանը

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մասնակցել է «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությանը
Հասարակություն
18:33, 11 июль 2022
Հեղինակային կինոյի 100-ից ավելի ֆիլմեր, այդ թվում՝ միջազգային կինոփառատոների մասնակից ժապավեններ. արդեն 19-րդ անգամ Երևանում մեկնարկում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: Ի դեպ, փառատոնի պատմության ընթացքում առաջին անգամ մշակութային այս իրադարձության գլխավոր հովանավորությունը ստանձնել է Երևանի քաղաքապետարանը:

Երևանյան կինոտոնի բացման հանդիսավոր արարողությունը Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում էր: Կարմիր գորգի վրայով միջոցառմանն էին շտապում միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերը, որոնց շարքում էին համաշխարհային մեծություններ ու հայկական էկրանի հայտնիներ, բազմաթիվ անվանի արվեստագետներ:

Քաղաքային իշխանություններն այսուհետ ևս կանգնած են լինելու Երևանի մշակութային միջավայրն ու կյանքը հարստացնող ծրագրերի և նախաձեռնությունների կողքին. ելույթի իր խոսքում վստահեցրեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ հաջողություն ու բարի երթ մաղթելով փառատոնին:

«Փառատոնը մեր երկրի և մայրաքաղաք Երևանի այցեքարտն է դարձել. հագեցած և բազմաբովանդակ ծրագրերով ներկայանալով երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին՝ այն հիրավի դասվում է կինոաշխարհի ամենանշանակալի իրադարձությունների շարքին: Փառատոնի շնորհիվ այս տարիների ընթացքում Երևանը դարձել է կինոյի համաշխարհային կենտրոններից մեկը, և մեր բոլորիս պարտքն է կանգնել այս կարևոր նախաձեռնության կողքին, սատարել նրա է՛լ ավելի հավակնոտ ծրագրերի իրականացմանը: Սա, իհարկե, պատասխանատվության լրացուցիչ, սակայն հաճելի բեռ է՝ քաղաքամայր Երևանի մշակութային կյանքն է՛լ ավելի բազմաշերտ դարձնելու, արվեստի ստեղծարար-ինտելեկտուալ ուղղությունները խթանելու, Երևանը համաշխարհային կինոքարտեզի վրա ըստ արժանվույնս դիրքավորելու առումով: Եվ հպարտ եմ, որ այսօր փառատոնի հետ մեր համագործակցությունը նոր լիցքեր է ստանում՝ ի շահ մեր պետության, մեր մշակույթի հանրահռչակման, մեր բոլորիս ապագայի»,- նշել է Երևանի քաղաքապետը:

Կինոփառատոնի բացումն ազդարարվեց հեղինակավոր «Էմմի»-ի մրցանակակիր դերասան, ռեժիսոր և սցենարիստ Մայքլ Գյուրջյանի Հայաստան-ԱՄՆ համատեղ արտադրության «Ամերիկացի» ֆիլմով:

Այս տարի փառատոնի լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրին նախագահում է իռլանդացի օսկարակիր սցենարիստ, ռեժիսոր Թերի Ջորջը, պատվավոր հյուրերի թվում են Կաննի և Բեռլինի մրցանակակիր, օսկարակիր ռեժիսոր և սցենարիստ, լեգենդար Կոստա Գավրասը, իսպանացի հռչակավոր կինոռեժիսոր Ալբերտ Սեռան, Կաննի կրկնակի մրցանակակիր ֆիլմերի պրոդյուսեր Ֆիլիպ Բոբերը, Իլյա Խրժանովսկին:

Հուլիսի 10-17-ն անցկացվող փառատոնն այս տարի կունենա մրցութային 3 ծրագիր, որոնց թվում լիամետրաժ ու կարճամետրաժ ֆիլմեր են։

Լավագույն ֆիլմեր, լավագույն ժյուրի և լավագույն հանդիսատես. կարևոր այս երեք բաղադրիչների արդյունքում է նաև, որ «Ոսկե ծիրան»-ը գրեթե երկու տասնամյակ շարունակում է իր ուղին՝ երևանյան մշակութառատ ներկապնակը հարստացնելով ոսկեգույնով: