Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ՏԿԵՆ Գնել Սանոսյանը երեկ և այսօր այցելել է Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզեր

ՀՀ ՏԿԵՆ Գնել Սանոսյանը երեկ և այսօր այցելել է Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզեր
Հասարակություն
18:07, 16 сентябрь 2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երեկ և այսօր այցելել է Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզեր։ 

Նախարարը տեղում ծանոթացել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով  քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասներին։
Նախարարը հանդիպել է մարզպետներին, համայնքապետերին և տեղում քննարկվել է ստեղծված վիճակը, անելիքները, և այլ կազմակերպչական հարցեր։ 

Քննարկվել է հրետակոծության հետևանքով վնասված ենթակառուցվածքները հնարավորինս արագ վերականգնելու վերաբերյալ հարցեր։ 

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող հրետակոծության արդյունքում ՀՀ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերիի տարբեր համայնքներում նախնական տվյալներով վնասվել է 192 բնակելի տուն, որից մոտ 60-ը վնասվել են գրեթե ամբողջությամբ, 3 բնակավայրում (Սոթք, Կութ և ք․ Ջերմուկ) վնասվել են վարչական շենքեր և  ենթակառուցվածքներ, վնասվել են  օժանդակ կառույցներ, հրդեհվել է 40 հա խոտհարք, 10 հա գարու և 70 հա ցորենի արտեր։ 7 բնակավայրում վնասվել է քաղաքացիների անձնական օգտագործման 3 մեքենա, 2 գյուղատնտեսական տեխնիկա, ինչպես նաև շտապօգնության 2 մեքենա։ Սիսիան, Կապան, Տեղ, Վարդենիս համայնքներում վնասվել են էլեկտրամատակարարման գծերը, Վաղատուր  բնակավայրը սպասարկող գազատարը։ Վնասվել են նաև Ջերմուկ համայնքի 3 հյուրատուն, 1 առողջարան, ճոպանուղի։

Կեչուտի ջրամբարի մեջ 2 արկ է ընկել, սակայն վնաս չի հասցրել։

Առկա են բազմաթիվ այլ վնասներ, որոնք այս պահին  գույքագրվում են։