Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փետրվարից ԱՊՊԱ սակագները կազատականացվեն. աշխատանքային քննարկում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում

Փետրվարից ԱՊՊԱ սակագները կազատականացվեն. աշխատանքային քննարկում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում
Հասարակություն
19:45, 30 ноябрь 2022
2023 թ. փետրվարից ԱՊՊԱ սակագները կազատականացվեն` հնարավորություն տալով ապահովագրական ընկերություններին հաճախորդներին առաջարկելու սեփական մոդելով գին-որակ համադրությամբ ծառայություններ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նոյեմբերի 30-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված  «Ապահովագրական շուկայի ազատականացում» թեմայով աշխատանքային քննարկման ժամանակ:

Ներսես Երիցյանի խոսքով վարորդը հնարավորություն կունենա ծանոթանալու ԱՊՊԱ ընկերությունների առաջարկող սակագներին եւ ընտրել իրեն առավել նպատակահարմար կամ մատչելի տարբերակը: Ընդ որում` նախատեսվում են նաեւ զեղչեր պայմանագիրն օնլայն կնքելու դեպքում: ԱՊՊԱ ընկերությունների գնային քաղաքականությունը կլինի Կենտրոնական բանկի եւ Ավտոապահովագրողների բյուրոյի վերահսկողության տիրույթում:

ԿԲ նախագահի տեղակալն ընդգծել է, որ ԱՊՊԱ ոլորտում սակագների ազատականացմամբ մրցակցությունը նոր մակարդակի  կբերվի, ինչը հնարավորություն կտա անընդհատ կատարելագործելու մատուցվող ծառայությունների որակը: Տարեցտարի այն վարորդները, որոնք վթար չեն ունենա, իրենց համար ավելի մատչելի է լինելու, եւ նորմերն ավելի են բարելավվելու: Բարելավում նախատեսվում է նաեւ տաքսի ծառայություններ, ուղեւորափոխադրում  իրականացնողների շրջանակում: Ըստ Ներսես Երիցյանի` ապահովագրական շուկայի ազատականացումը եղել է նաեւ վարորդների ցանկությունը: 
 
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահ Գեւորգ Պապոյանը, ներկայացնելով քննարկումը նախաձեռնելու շարժառիթը, նշել է, որ թեեւ ԱՊՊԱ սակագների ազատականացումն օրենսդրական նախաձեռնությամբ չի իրականացվել, բայց գտնվում է հանձնաժողովի ոլորտային վերահսկողության տիրույթում: Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ ընկերությունների մրցակցության արդյունքում կարող է լինել գների նվազում եւ առաջարկվող ծառայությունների որակի բարձրացում:
Քննարկմանը ներկա պատգամավորների կարծիքով ԱՊՊԱ սակագների ազատականացումը ճիշտ գործիքակազմ է: Նրանք նաեւ բարձրաձայնել են մի շարք հարցեր, մասնավորապես, ծառայությունների որակի բարձրացման արդյունքում սակագների բարձրացման վերաբերյալ? ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի պնդմամբ` գների պոտենցիալ աճը զսպվելու է եւ վերահսկվելու:

Քննարկմանը մասնակցել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ, ԿԲ ներկայացուցիչներ, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն Վաղինակ Եղիազարյանը: