Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դավիթ Կարապետյանը՝ իր և Ռազմիկ Մկրտչյանի մասնակցությամբ քրեական միջադեպի հետ կապված լուրերի մասին

Դավիթ Կարապետյանը՝ իր և Ռազմիկ Մկրտչյանի մասնակցությամբ քրեական միջադեպի հետ կապված լուրերի մասին
Հասարակություն
13:02, 01 май 2021
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը պարզաբանում է տարածել, որում ասվում է․

«Shamshyan .com-ի հաղորդմամբ, երեկ Երևանի քաղաքային («Թոխմախ») գերեզմանատան մոտ քրեական միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով վնասվածք ստացած անձանցից մեկին հիվանդանոց ենք տեղափոխել ես և Շենգավիթ վ/շ ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը:

Թյուրընկալումներից խուսափելու համար տեղեկացնեմ, թե ինչ է տեղի ունեցել: Երեկ երեկոյան՝ աշխատանքային հանդիպումից հետո, իմ մեքենայով Նոր Նորքից վերադառնում էինք: Դավիթ Բեկ փողոցում մեքենան կանգնեցրեց մի մարդ, ով, դատելով տեսքից, լավ վիճակում չէր ու օգնության կարիք ուներ: Քաղաքացին ասաց, որ վիրավորված է և խնդրեց փրկել իր կյանքը: Բնականաբար, նրան շտապ տեղափոխեցինք մոտակա հիվանդանոց:

Հորդորում եմ քաղաքացիական պարտքի և մարդկային բնական վերաբերմունքի դրսևորումը չտեղափոխել ենթադրությունների, առավել ևս շահարկումների տիրույթ:

Վիրավորներին մաղթում ենք շուտ ապաքինում»:

Հավելենք, որ նմանատիպ պարզաբանմամբ է հանդես եկել նաև Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը։

Ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 1-ին, ժամը 00.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգել անհայտ քաղաքացի և հայտնել, որ ոմն մեկը հրազենային վիրավորում ունի և գտնվում է Դավիթ Բեկի փողոցում:

Ժամը 01.50-ին արդեն բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել, որ տարբեր վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել չորս տղամարդ։