Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վանաձորում գործող գազալցակայանում տեղի ունեցած հրդեհի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ

Վանաձորում գործող գազալցակայանում տեղի ունեցած հրդեհի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ
Հասարակություն / Իրավունք
22:12, 31 январь 2023
Այսօր Վանաձոր համայնքում գործող գազալցակայանում տեղի ունեցած հրդեհի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:

«Ըստ նախնական տվյալների՝ 2023 թ․ հունվարի 31-ին՝ ժամը 09.15-ի սահմաններում, Վանաձորում գործող գազալցակայանի գազի ճնշման մատակարարման համար հատկացված վայրում գազի արտահոսքի հետևանքով առաջացել է հրդեհ, որի պատճառով Վանաձորի բնակիչ հանդիսացող՝ գազալցակայանի 83-ամյա, 33-ամյա և 28-ամյա աշխատակիցները դեմքի և վերջույթների շրջանում տարբեր աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:
 
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի (Պայթյունավտանգ օբյեկտներում անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները կամ պահանջները խախտելը) 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։
 
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, համապատասխան ՍՊ ընկերությունից պահանջվել են փաստաթղթեր՝ համալիր դատաճարտարագիտատեխնիկական և դատահրդեհատեխնիկական փորձաքննություն նշանակելու համար։
 
Իրականացվում են վարութային և ապացուցողական այլ անհրաժեշտ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով։
 
Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է Աբրահամյանի գրառման մեջ: