Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցում մարզասրահը և 4 դասասենյակ անվանակոչվեցին պատերազմում զոհված դպրոցի սաներ և մարզիչ մոնթեականների անունով․ Տեսանյութ

Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցում մարզասրահը և  4 դասասենյակ  անվանակոչվեցին պատերազմում զոհված դպրոցի սաներ և մարզիչ մոնթեականների անունով․ Տեսանյութ
Հասարակություն
19:37, 01 июнь 2021
Մայիսի 28-ին Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցում 4 դասասենյակ անվանակոչվեց դպրոցի սաներ, Արցախյան երկրորդ պատերազմում կյանքը հայերնիքին նվիրած Արթուր Սուքիասյանի, Արսեն Գրիգորյանի, Տիգրան Բադալյանի, Իշխան Մանուկյանի անուններով, իսկ դպրոցի մարզասրահը՝ մարզիչ Սևակ Մնացականյանի անունով։ 

Միջոցառմանը ներկա էին տղաների ընտանիքի անդամները, դասընկերները, դպրոցի ողջ անձնակազմը։ Դպրոցի սաները բեմականացում էին կազմակերպել՝ նվիրված տղաների հիշատակին՝ ոգեկոչելով նրանց սխրանքները։ 

Ժամկետային զինծառայող Արսեն Գրիգորյանը 2020 թվականին զորակոչվել է Հայկական բանակ, ծառայությունն անցկացրել Մեխակավանում։ Մինչ պատերազմը՝ սեպտեմբերի 21-ին Արսենն՝ իր գերազանց ծառայության համար Հայաստանի Զինված ուժերի կողմից արժանացել է շնորհակալագրի՝ որպես բարեխիղճ, կարգապահ և օրինակելի զինվոր՝ հայրենիքի պաշտպան։

Տղաներից Արթուր Սուքիասյանը ծառայում էր Մեխակավանում։ Մարտական գործողությունների ընթացքում վիրավորում էր ստացել, սակայն դեռ լիովին չկազդուրված, առաջնագիծ վերադառնալու ցանկություն էր հայտնել։  Արթուրը չարաբաստիկ պատերազմից զոհվեց  ծննդյան 19-րդ տարեդարձից 2 օր առաջ՝ Հոկտեմբերի 30-ին՝ քաղաք Մարտունիում՝ ԱԹՍ-ի հարվածից։

Ժամկետային Իշխան Մանուկյանը 2 ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց  պատերազմը։ Ծառայում էր Մեխակավանում։  Պատերազմում Իշխանը պայքարել է 33 օր, կռվել Ջրականում, Հադրութում, Մարտունիում, վերջում՝ Կարմիր Շուկայում։ 

Իշխանի զինակից ընկերների խոսքով՝ նա այդ ամբողջ ընթացքում հերոսաբար է կռվել։ Իր շնորհիվ մի ամբողջ ջոկատ փրկվել է գերեվարությունից։ Հոկտեմբերի 29-ին՝ Իշխանը Կարմիր Շուկայում վիրավորվել է՝ ԱԹՍ-ի հարվածից և տեղափոխվել հիվանդանոց։ Ի սկզբանե, գիտակից է եղել, սակայն, 5 օր կյանքի ու մահվան դեմ պայքարելուց հետո, անմահացել է:

Ժամկետային ծառայող Տիգրան Բադալյանը 2019 թվականին մեկնել է ծառայության՝ Մարտունի 3 զորամասում։ Ստացել է կրտսեր սերժանտի կոչում, ծառայել՝ որպես հաշվարկի հրամանատար։ Մասնակցելով պատերազմին, սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը խոցել է 4 տանկ և այլ  զինտեխնիկա՝ թշնամուն հասցնելով նաև կենդանի ուժի զգալի կորուստ։ Տիգրանը արիաբար զոհվել է նոյեբերի 7-ին ԱՀ Մարտունի քաղաքի պաշտպանության համար մղվող մարտում՝ կասեցնելով թշնամու տանկային շարասյան գրոհը։

Դպրոցի մարզիչ 33-ամյա Սևակ Մնացականյանը, ում բոլորը Սևակ Խոյեցի էին կոչում, նույնպես կյանքն անմնացորդ զոհեց հայրենիքին։

Սևակը 2016 թվականին հիմնել է «Շվաք» ազգային մարտարվեստի ֆեդերացիան, որը հիմնված է հին հայկական մարզաձևերից վերականգնված հարվածների և հնարքների ուսումնասիրության վրա։ 

Սևակը պատերազմի  առաջին իսկ օրն առանց երկմտելու մեկնել է ռազմաճակատ։ Զոհվել է 2020 թվականի հոկտմեբերի 19-ին՝ հրթիռակոծությունից՝ Արցախի «Եղնիկներ» կոչվող դիրքում։

Մանրամասն՝ տեսանյութում 

Սյուզի Սիրականյան