Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում ռուսական ռազմաբազայի մի մասը կարող է տեղափոխվել երկրի արևելք․ Վաղարշակ Հարությունյան

Հայաստանում ռուսական ռազմաբազայի մի մասը կարող է տեղափոխվել երկրի արևելք․ Վաղարշակ Հարությունյան
Հասարակություն
11:50, 22 февраль 2021
Հայաստանը շահագրգռված է Գյումրիում ռուսական ռազմաբազայի ընդլայնմամբ

Հայկական կողմը շահագրգռված է Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի կարողությունների ընդլայնման և զարգացման հարցում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, տեղեկացնում է Civilnet.am-ը։

«Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազայի ընդլայնման և հզորացման հարցը մշտապես օրակարգում է եղել։ Հայկական կողմը մշտապես դրանում շահագրգռված է եղել արդեն նաև այն պարզ պատճառով, որ բազան ամբողջ կազմով մտնում է Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ խմբավորման մեջ։ Հետևաբար, բազայի հնարավորությունների ընդլայնումն ինքնաբերաբար ավելացնում է համատեղ խմբավորման ներուժը, որը գործում է հավաքական անվտանգության Կովկասի տարածաշրջանում»,- ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավարությունը հաշվի է առել տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրողությունները և ճիշտ քայլեր է արել բազայի ուժեղացման և վերազինման ուղղությամբ․ «Եվ ես վստահ եմ, որ այս գործընթացը կրելու է երկարաժամկետ բնույթ»,- ասել է Հարությունյանը:

Հայաստանում ռուսական ռազմաբազայի մի մասը կարող է տեղափոխվել երկրի արևելք

Վաղարշակ Հարությունյանը նաև ասել է, որ Երևանն ու Մոսկվան քննարկում են 102-րդ ռուսական ռազմաբազայի որոշակի զորամիավորման՝ Հայաստանի արևելք վերատեղաբաշխման հնարավորության հարցը։

«Ավելի ճիշտ է խոսել ռուսական ռազմաբազայից որևէ ռազմական կազմավորում վերաբաշխելու հնարավորության մասին (հաշվի առնելով դրա ընդլայնումը) Հայաստանի արևելյան ուղղությամբ։ Այդ համատեքստում հարցի համատեղ մշակում է տարվում»,- նշել է Հայաստանի պաշտպանության նախարարը։

Բացի այդ, ըստ նրա՝ Հայաստանում գտնվող ռուս սահմանապահների վրա լրացուցիչ գործառույթներ են դրված․ «Իսկապես, ռուս սահմանապահների վրա լրացուցիչ գործառույթներ են դրված Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների անվտանգությունն ու պահպանությունն ապահովելու համար։ Ես չեմ կասկածում, որ մեր պետությունների սահմանապահ ծառայությունների գծով սերտ և արդյունավետ փոխգործակցություն է հաստատվել, ինչպես նաև այն, որ Հայաստանում ռուս սահմանապահների վրա դրված բոլոր խնդիրները կկատարվեն ամենաբարձր մակարդակով»,- ասել է Հարությունյանը։