Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Գտնված երազ»-ի առեղծվածը․ սիրելի մուլտֆիլմը շարունակություն կունենա. armradio.am

1976-ին ծերուկը քնեց։ 46 տարի անց՝ 2022-ին, նա կարթնանա: Հեղինակները մանկության սիրելի մուլտֆիլմի շարունակություն են խոստանում։ Ինչե՞ր կգտնեն «Գտնված երազի» հերոսները պատմության շարունակությունում, ի՞նչ արկածներ են հեղինակները պատրաստել հայտնի կերպարների համար։ Պատասխանները հեղինակների ձեռքի թղթապանակում են։

-Իսկ դու ո՞վ ես։
-Ե՞ս։ Աղջի՛կ։
-Աղջի՞կ, իսկ ի՞նչ է այդ։
-Այդ ե՜ս եմ։

Աղջկա նախամուլտֆիլմյան կյանքը 1970 թվականից է սկսվել․ մուլտֆիլմից մեծ է շուրջ 6 տարի։ Մուլտֆիլմում հայտնվելուց առաջ, որպես նկար, վաճառվել է Երևանի փոքր խանութներում։ Հեղինակների ստեղծած աղջիկը մարդկանց դուր էր եկել՝ դեռ էկրանին չհայտնված․

«Հեշտ չէր գտնել այդ կերպարը։ Ստացվեց, ինչ-որ մարդիկ հավանեցին, մի քանի հոգի հարցրին՝ կարո՞ղ եմ գնել և այլն․ սերիա սկսեցինք։ Այդ ժամանակ էդպիսի բաներ վաճառող խանութ չկար։ Կոպիա էին անում, ուրիշ տեղ վաճառում էին։ Որ խանութ մտնում էինք՝ դրած վաճառում էին, ինչը մեր հետ կապ չուներ»։

Արդեն շարժվող աղջիկը սկսեց խոսել Հռիփսիմե Կիրակոսյանի ձայնով, պապիկը՝ Էդգար Էլբակյանի, իսկ ծերուկին հնչյունավորում էր Ֆրունզիկ Մկրտչյանը։

«Արդեն ամեն ինչ կար, բայց դեռ չգիտեինք՝ ծերուկի ձայնը ով կլինի։ Գագիկի հետ տանը նստած էինք, կողքի սենյակում արդեն 2-րդ գիշերը Խորեն Աբրահամյանը, Ֆրունզե Մկրտչյանն ու պապան պոկեր էին խաղում։ Ֆրունզիկի ձայնը մի քիչ ուրիշ ձև լսվեց, մանկուց լսել ենք այդ ձայնը։ Գագոն ասեց՝ էլ ինչի՞ ենք հեռու գնում, էն ա կողքի սենյակում ձայնը նստած ա»։

Ֆրունզիկը պոկերի պարտիան հաղթել էր։ Տրամադրությունը բարձր, մի քիչ գինովցած դուրս էր եկել սենյակից, միանգամից ընդունել ձայնագրվելու առաջարկը։ Այդպես մուլտֆիլմի ծերուկը սկսեց ապրել։

-Ինչու՞ ես լալիս, ծերու՛կ։
-Ինչ-որ բան սխալ է։ Ես ապրում եմ այստեղ շատ վաղուց, բայց շուրջս ոչինչ չի փոխվում։ Եվ ես․․ հոգնե՜լ եմ․․։

Հեղինակների շուրջն էլ, ինչպես հեքիաթում, ոչինչ չէր փոխվում։ Սոցիալիստական փակ աշխարհը ճնշում էր ստեղծագործողներին, նրանք ուզում էին հայտնվել նկարի այն կողմում, որը չէին ճանաչում, բայց որից ազատություն էին սպասում։

«Գտնված երազը դարձավ իրականություն․ ֆիլմը նկարելու պրոցեսում մի կին հայտնվեց իմ կյանքում նկարի այն կողմից։ Ես դեռ ծերուկ չէի, բայց տարավ նկարի այն կողմը»։

«Այն կողմում» Միացյալ Նահանգներն էր, ավագ եղբայրն այնտեղ է 44 տարի, կրտսերը՝ 34։ «Գտնվածի երազ»–ի հեղինակները «մեծ աշխարհ» ընկան որպես «Գիքոր», անգամ լեզու չգիտեին․ մարդկանց հետ մինչև անգլերենով շփվելը արվեստի լեզվով խոսեցին․

«Մենք որոշեցինք ոչ թե մարդկանց տանենք դեպի արվեստ, այլ արվեստը բերենք դեպի մարդկանց։ Ամեն ինչի վրա սկսեցինք նկարել՝ սկսեցինք գլխարկներից, անցանք շշերի, առոթների, սեղանների, բաժակների, որը մենք սկսեցինք կոչել functional art. արվեստը, որը դու կարող ես օգտագործես, նստես վրան, ձեռք տաս, չվախենաս։ Համարում էինք, որ մի քիչ շատ է լրջացրած, վերջին հաշվով սա նկար է, որը պիտի պատին կախվի, ծաղկեցնի մեր միջավայրը, սենյակը։ Փորձեցինք մի քիչ հումոր, մի քիչ պատմություններ տալ իրենց նկարներին, իրենց «գցենլ» իրենց նկարների մեջ»։

-Ես ծերությունից կորցրել եմ քունս։
-Խեղճ պապիկ, մի՞թե քունը կարելի է կորցնել։ Եթե ես կարողանայի գտնել այն․․․

Երբ արցախյան պատերազմը սկսվեց, Հովիկը Նյու Յորքում էր, Գագիկը՝ Ջամայկայում։ Երկուսն էլ՝ կարանտինային ռեժիմում, երկուսի միտքն էլ՝ Հայաստանում։ Հենց այդ ժամանակ էլ ստեղծվեց հեղինակների ամենասիրելի շարքերից մեկը՝ նվիրված Արցախին։

«Մենք արձաններին կյանք տալու միտքը վաղուց ունեինք։ Երևանի արձանների հետ կապված պատմություններ, իլյուստրացիաներ ունեինք, նույն կերպ որոշեցինք իրենց էլ արթնացնել․ առաջին իլյուստրացիայում պապիկը տանկի մեջ գնում էր պատերազմի, տատիկը նրան էր սպասում։ Չէինք մտածում, որ սա կարող է շարունակություն ունենալ»։

Արցախյան շարքից հետո հեղինակները փոխեցին աշխատանքի ուղղությունը։ Հայաստանում հիմնեցին  «Դիլաքյան Բրադըրս» գործակալությունը, որը ստեղծում է արտադրանք՝ հեղինակների ստեղծած կերպարներով և «արտադրված է Հայաստանում» պիտակներով։ Այսպիսով եղբայրները փորձելու են պաշտպանել նաև իրենց հեղինակային իրավունքը։

-Որտեղի՞ց դու եկար։
-Ես եկա իմ սենյակից, այս նկարն այնտեղ է կախված։
-Իսկ ինչպե՞ս դու հայտնվեցիր նկարի մեջ։
-Ինձ օգնեցին թիթեռնիկները։
-Ուրեմն, դու կարողն ես մտնել նկարի մե՞ջ։

Տարիներ անց կախարդանքը հակառակ ուղղությամբ  է գործելու․ այս անգամ նկարից իրականություն տեղափոխվելու  հերթը ծերուկինն է։

«Որոշեցինք, որ ժամանակն է՝ աղջիկը ցույց տա իր աշխարհը ծերուկին, ու էլի նկարը մտնելու միջոցով, քանի որ ունեն էդ հնարավորությունը, իրենք սկսում են ճանապարհորդել տարբեր երկրներում։ Աղջկա պապիկն ասում է՝ ցույց տուր մեր հյուրին աշխարհը։

Սեղանին դրված թղթապանակներում «Գտնված երազ»–ի շարունակությունն է։ Եղբայրները մեզ համար գաղտնազերծում են ապագայի հեքիաթը։ Իսկ լսարանին մանկության հեքիաթի թարմացված տարբերակը հասանելի կլինի շուտով, նախ՝ գրքի, հետո անիմացիայի տարբերակով։

Աղբյուր՝ armradio.am