Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր դերասան Երվանդ Մանարյանի ծննդյան օրն է

Այսօր դերասան Երվանդ Մանարյանի ծննդյան օրն է
Մշակույթ
22:32, 10 август 2022
Այսօր դերասան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանի ծննդյան օրն է: Երվանդ Մանարյանը ծնվել է 1924 թվականի օգոստոսի 10-ին Իրանի Արաք քաղաքում։ Սովորել է տեղի Հայկազյան դպրոցում, ապա՝ Թեհրանի ամերիկյան և պարսկական քոլեջներում։

1946 թվականին ներգաղթել է Հայաստան, սովորել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, որի ռեժիսորական ֆակուլտետն ավարտել է 1952 թվականին։ Որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում և Գ. Սունդուկյանի թատրոնում։

1957-1959 թվականներին եղել է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը, 1988 թվականից՝ «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավարը։

1959-1961 թվականներին նույն պաշտոնը վարել է Գորիսի թատրոնում, 2007 թվականից՝ Կիևի տիկնիկային հայկական թատրոնի հիմնադիր-գեղարվեստական ղեկավար։

Այնուհետև աշխատել է Երևանի փաստագրական ֆիլմերի ստուդիայում և «Երևան» կինոմիավորումում։ Եղել է Երևանի պետական տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորներից։ Շուշիում բացվել է Երվանդ Մանարյանի անվան տիկնիկային թատրոն։

Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր, ինչպես՝ «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը» և այլն։
Գրել է սցենարներ «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափեր» և այլ ֆիլմերի համար։ Մամուլում հրատարակել է պատմվածքներ և հոդվածներ։ Մահացել է 2020 թվականի փետրվարի 20-ին։

Մրցանակներ և պարգևներ
2003 – ՀՀ արվեստի վաստակավոր արտիստ
2005 – ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ
Բեմադրություններ
Հովհաննես Թումանյանի «Հազարան բլբուլ»
Հովհաննես Թումանյանի «Անհաղթ աքլորը»
Երվանդ Մանարյան, «Ժամանակ էն ժամանակն էր» («Բարեկամության ջահ» միջազգային փառատոնի մրցանակ, Զեստաֆոն, Վրաստան, 1987)
Շիրվանզադեի «Պատվի համար»