Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում առաջին անգամ ֆրանսերենով հնչել են Ալեքսանդր Սպենդիարյանի հինգ ռոմանսները

Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում առաջին անգամ ֆրանսերենով հնչել են Ալեքսանդր Սպենդիարյանի հինգ ռոմանսները
Մշակույթ
21:16, 19 апрель 2023
Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում ապրիլի 18-ին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում կայացել է «Ալեքսանդր Սպենդիարյան. հինգ ռոմանս սիրո լեզվով» խորագրով համերգ-բանախոսությունը: Համերգին առաջին անգամ ֆրանսերենով հնչել են Սպենդիարյանի երգային ստեղծագործական ժառանգությունից հինգ ռոմանս՝ երգահան-կատարող Լիլիթ Բլեյանի բարձրարվեստ թարգմանությամբ:

Ընտրված «Այ վարդ», «Գիշերն է նույն», «Դանդաղ իջնում է իրիկունը», «Ինչո՞ւ ես չգիտեմ» և «Հմայված եմ քո գեղեցկությամբ» երգերի ստեղծման պատմությունը ներկայացրել է տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ, երաժշտագետ Աստղիկ Հարությունյանը, իսկ միջոցառմանը ներկա ֆրանսալեզու հանդիսատեսի համար բանախոսությունը թարգմանել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի դասախոս Սյուզան Թորոսյանը:

Ռոմանսները կատարել են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ Աննա Պողոսյանը (սոպրանո), Վարդուհի Թորոյանը (սոպրանո), Նարեկ Վարդանյանը (բարիտոն)՝ Կոմիտասի անվան ԵՊԿ-ի պրոֆեսոր Մարգարիտ Սարգսյանի (դաշնամուր), Կատարինե Հովսեփյանի (դաշնամուր) և Իվանե Եսայանի (ջութակ) նվագակցությամբ:

Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրացը, Ֆրանսիական Ինստիտուտի գործադիր տնօրեն և մշակութային կցորդ Դավիդ Տյուրսը, Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի մանկավարժական փոխտնօրեն, վարչական և ֆինանսական տնօրեն Լուսինե Թևոսյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և ֆրանսիական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մեծանուն արվեստագետներ՝ կոմպոզիտոր ՏիգրանՄանսուրյանը, օպերային երգչուհիներ Հասմիկ Պապյանը, Լիաննա Հարությունյանը և այլք:

Տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը շնորհակալություն է հայտնել ռոմանսների թարգմանիչ Լիլիթ Բլեյանին և մասնակից երաժիշտներին՝ սպենդիարյանական ռուսերեն ու հայերեն երգարվեստը եվրոպական լեզվով ներկայացնելու մտահղացումը կյանքի կոչելու համար և նշել, որ տուն-թանգարանն իր նախաձեռնությամբ նպատակ ունի կոմպոզիտորի վոկալ-ստեղծագործական ժառանգությունն ավելի մատչելի դարձնել եվրոպացի երաժիշտ-կատարողների համար:

Նրա խոսքով՝ Սպենդիարյանի երաժշտությունը 20-րդ դարասկզբին հնչել է թե՛ Ռուսական Կայսրության, թե՛ Եվրոպայի արվեստի խոշոր կենտրոններում և 21-րդ դարում ևս արժանի՛ է ճանաչման ու փառքի:

Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրացը շնորհակալություն է հայտնել հրավերի և գեղեցիկ միջոցառման համար՝ նշելով, որ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում ոչ միայն բացահայտեց իր համար նոր մի կոմպոզիտորի, այլև նորովի բացահայտեց Հայաստանը: Մարիեն Օթարյանը հարգարժան դեսպանին է նվիրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո տուն-թանգարանի լույս ընծայած «Ալեքսանդր Սպենդիարյան - 150» ձայնասկավառակով պատկերագիրքը:
Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի խոսքն էլ լի է եղել մշտական հիացումով և երախտիքով առ Ալեքսանդր Սպենդիարյանը, նրա արվեստը և նրա նվիրումը հայրենիքին: Մաեստրոն նշել է, որ Սպենդիարյանի հոյակապ երգարվեստը, համերգասրահից համերգասրահ, թանգարանից թանգարան և տնից տուն հնչելով, պետք է կրթի, ազնվացնի և վեհացնի մեր կենցաղը, մեր միտքը և մեր հոգին:
Միջոցառման ավարտին Սպենդիարյանների հյուրընկալ օջախի ավանդույթով հյուրերին մատուցվել է սպենդիարյանական բաղադրատոմսով պատրաստված կակաոն: