Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հանրային քննարկման է ներկայացվել դասագրքերի ստեղծման և հրատարակման նոր կարգի նախագիծը

Հանրային քննարկման է ներկայացվել դասագրքերի ստեղծման և հրատարակման նոր կարգի նախագիծը
Գիտություն
20:13, 01 декабрь 2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման, հրատարակման և Հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգի» նախագիծը։
Նախագծում սահմանվում են դասագրքի հանդեպ պետության ընդհանրական պահանջները.
  • դասագիրքը պետք է համապատասխանի Հանրակրթության պետական չափորոշչի, տվյալ առարկայի չափորոշչի և ծրագրի պահանջներին ու ներկայացնի տվյալ առարկայի կամ դրա մի մասի հիմնական բովանդակությունը,
  • դասագիրքը պետք է ներկայացնի միայն ստույգ, գիտականորեն հաստատված և ճշգրիտ տեղեկատվություն, վարկածների վերաբերյալ տեղեկատվության ընդգրկման պարագայում՝ հստակ նշում պարունակի այդ մասին, օգտագործի միայն գիտականորեն շրջանառվող վարկածներ,
  • դասագրքում պետք է ապահովված լինեն պատշաճ հղումները (այդ թվում՝ էլեկտրոնային հասցեների հղումներ) օգտագործված բոլոր նյութերին և աղբյուրներին,
  • դասագիրքը պետք է հնարավորություն ընձեռի բազմակողմանիորեն ծանոթանալու ներկայացվող նյութին կամ թեմային և նպաստի սովորողի մոտ դրա վերաբերյալ սեփական դիրքորոշման ու կարծիքի ձևավորմանը,
  • դասագրքի շարադրանքի լեզուն պետք է համապատասխանի տվյալ տարիքային խմբի լեզվամտածողության առանձնահատկություններին՝ խուսափելով մասնագիտական և գիտական եզրույթների անհարկի գործածումից, երկարաշունչ նախադասություններից: Դասագրքում պետք է կիրառվեն պարզ կառուցվածքով և հասկանալի բովանդակությամբ նախադասություններ,
  • դասագրքում պետք է օգտագործվեն տեղեկատվության փոխանցման տարբեր եղանակներ՝ տեքստային, պատկերային, գրաֆիկական, թվային և այլ միջոցներ՝ փոխլրացման և համադրման սկզբունքով՝ խուսափելով կրկնություններից:
Դասագրքի էջերը չպետք է գերազանցեն՝
  • 176 էջը (11 մամուլ) տարրական և միջին դասարաններում՝ հումանիտար և հասարակագիտական բնագավառների համար,
  • 144 էջը (9 մամուլ)՝ տարրական և միջին դասարաններում՝ բնագիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի բնագավառների համար,
  • 192 էջը (12 մամուլ)՝ ավագ դասարաններում՝ հումանիտար և հասարակագիտական բնագավառների համար,
  • 160 էջը (10 մամուլ)՝ ավագ դասարաններում՝ բնագիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի բնագավառների համար։
Թղթային, էլեկտրոնային կամ հիբրիդ դասագրքեր
Նախատեսվում է, որ դասագիրքը կարող է լինել թղթային, էլեկտրոնային կամ հիբրիդ (համակցված)։ Թղթային դասագիրքը կունենա իր թվայնացված տարբերակը, որը ձեռք կբերվի դասագրքի հետ միաժամանակ։ Սովորողը, ծնողի գրավոր համաձայնության դեպքում, կարող է հրաժարվել թղթային դասագրքերից և օգտվել էլեկտրոնային դասագրքերից: Հիբրիդ դասագիրքը թղթային դասագիրքն է, որի մեջ ներառված է թվային բովանդակությունը։
Դասագրքի օգտագործման ժամկետներ
Դասագրքերի օգտագործման նվազագույն ժամկետը (տվյալ առարկայի չափորոշչի և ծրագրի պահանջների անփոփոխ մնալու դեպքում) տարրական դասարաններում առնվազն 3 տարի է, միջին և ավագ դասարաններում՝ առնվազն 5 տարի: Էլեկտրոնային դասագրքերի գործածության ժամկետն առնվազն 7 տարի է:
Դասագրքերի ստեղծման մրցույթ և գնահատում
Ըստ նոր կարգի նախագծի` դասագրքերի ստեղծման մրցույթը կառանձնացվի դասագրքի հրատարակման մրցույթից։ Դասագրքերի ստեղծման մրցույթին կարող են մասնակցել ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձինք։
Ներկայացված է նաև դասագրքերի փորձաքննության կարգը, որն իրականացվելու է 3 փուլով` համապատասխանության փուլ, բովանդակային գնահատման փուլ և վարկանիշային գնահատման փուլ:
Հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության
գնահատող հանձնաժողովների կազմավորման նպատակով նախատեսվում է ձևավորել սահմանված պահանջներին համապատասխանող փորձագետների շտեմարան, որտեղից էլ համակարգչային ծրագրի միջոցով կընտրվեն գնահատողները: Սահմանված է, որ հանձնաժողովում պետք է ընդգրկվեն հետևյալ մասնագետները.
  • տվյալ առարկայի դասավանդող ուսուցիչ,
  • մանկավարժ-մեթոդիստ,
  • մանկավարժ-հոգեբան,
  • հայոց լեզվի մասնագետ,
  • նկարիչ-ձևավորող,
  • բժիշկ-հիգիենիստ։
Յուրաքանչյուր մասնագիտական ուղղությունից ընտրվում է մինչև 5 թեկնածու՝ յուրաքանչյուր առարկայի համար։ Թեկնածուն չի կարող լինել հանձնաժողովի անդամ, եթե հանդիսանում է մրցույթին ներկայացված դասագրքի հեղինակ, համահեղինակ, խմբագիր, խորհրդատու, թարգմանիչ կամ որևէ այլ՝ ուղղակի ձևով դասագրքի ստեղծմանը մասնակից:
Նախագծի հանրային քննարկումը կշարունակվի մինչև 2021 թվականի դեկտեմբերի 12-ը: ԿԳՄՍ նախարարությունն ակնկալում է բովանդակային և շահագրգիռ առաջարկներ, որոնք կարող են ներկայացվել ինչպես e-draft.am հարթակում, այնպես էլ ԿԳՄՍ նախարարություն` համապատասխան գրությամբ: