Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դասագրքերը կարող են լինել թղթային, էլեկտրոնային կամ հիբրիդ․ նախարարը նոր հրաման կստորագրի

Դասագրքերը կարող են լինել թղթային, էլեկտրոնային կամ հիբրիդ․ նախարարը նոր հրաման կստորագրի
Գիտություն
11:52, 30 ноябрь 2021
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախարարի հրամանի նախագիծ, որով սահմանվելու է հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման, հրատարակման և հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգը։

Նախագծով հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման և հրատարակման գործընթացները իրականացվում են մրցութային եղանակով: Դասագրքերի ստեղծման մրցույթի ընթացքում ներկայացված հավակնորդ դասագրքերի փորձաքննությունն իրականացվում է երեք հիմնական փուլերով: Հանրակրթական ուսումնական առարկաների դասագրքեր կարող են ստեղծվել և հրատարակվել կրթության կառավարման պետական լիազոր մարմնի կողմից՝ պետական պատվերի շրջանակներում։ Պետական պատվերի պարագայում՝ հանրակրթական ուսումնական առարկաների դասագրքերը կարող են ստեղծվել ոչ մրցութային եղանակով՝ ուղիղ պատվերի միջոցով:

Նախագծի ընդունմամբ կկարգավորվեն նաև դասագրքերի ստեղծման մրցույթին ներկայացված հավակնորդ դասագրքերի փորձաքննությունն իրականացնելու և հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանությունը գնահատելու նպատակով առարկայական հանձնաժողովների ձևավորման և գործունեության հետ կապված իրավահարաբերությունները:

Նշվում է, որ ներկայումս հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման, հրատարակման և Հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման գործընթացները կարգավորվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի 2009 թվականի օգոստոսի 21-ի՝ «ՀՀ ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու, հանրակրթական առարկաների դասագրքերը հրատարակելու և հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգը հաստատելու մասին» N 752-Ն հրամանով:

Գործող իրավակարգավորմամբ սահմանված չեն հանրակրթական առարկաների դասագրքերին ներկայացվող ընդհանրական պահանջները, որոնք մանրամասն ներկայացված են նախագծում:

Սահմանված է, որ դասագիրքը պետք է համապատասխանի Հանրակրթության պետական չափորոշչի, տվյալ առարկայի չափորոշչի և ծրագրի պահանջներին: Սահմանված է նաև, որ դասագրքերը կարող են լինել թղթային, էլեկտրոնային կամ հիբրիդ (համակցված):